Հունաստանում հումանիտար իրադրությունը գնալով վատթարանում է

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել միգրացիոն ճգնաժամով պայմանավորված հումանիտար իրավիճակի բարելավման նպատակով արտակարգ օգնություն տրամադրելու ծրագրին, որը նախատեսում է 2016-2018 թվականներին 700 մլն եվրո հումանիտար օգնություն հատկացնել այն երկրներին, որոնք առավել շատ են տուժել միգրացիոն ճգնաժամից: 2016 թվականի համար այդ օգնության չափը կկազմի 300 մլն եվրո, որի մեծ մասը կհատկացվի Հունաստանին:

Նշենք, որ չնայած միգրանտների հոսքը դեպի Հունաստան կասեցնելու վերաբերյալ ԵՄ-Թուրքիա պայմանավորվածությանը՝ օրական միջինը 1300 միգրանտ ժամանում է հունական կղզիներ: 2016 թվականի առաջին ամիսներին Հունաստան է ժամանել 132 հազար միգրանտ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 6 հազարի փոխարեն: Այսպես, 91 հազար բնակչություն ունեցող Լեսբոս կղզին 2016 թվականի առաջին ամիսներին ընդունել է մոտ 78 հազար միգրանտ, 53 հազար բնակչություն ունեցող Կիոսը՝ 29 հազար, իսկ 34 հազար բնակչությամբ Սամոս կղզին՝ 9000 միգրանտ:

Նման պայմաններում ֆինանսական օգնությունը չի նպաստի հումանիտար ճգնաժամի հաղթահարմանը, եթե բոլոր միգրանտները շարունակեն արգելափակված մնալ Հունաստանում:

Մարտի 7-ին միգրացիոն հարցերով ԵՄ-Թուրքիա գագաթաժողովից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարեց միգրանտների համար բալկանյան երթուղին փակելու մասին: Նախօրեին Մակեդոնիան հայտարարեց միգրանտների համար իր սահմանները փակելու, իսկ Սլովենիան և Սերբիան՝ սահմանափակող միջոցառումներ մեկնարկելու մասին: Արդյունքում, Հունաստանի հյուսիսում՝ Մակեդոնիայի հետ սահմանի մոտ բավականին ծանր հումանիտար իրավիճակ է ստեղծվել: Այստեղ կուտակվել է ավելի քան 25 հազար միգրանտ, որոնց կեսից ավելին կանայք և երեխաններ են: Նրանք ստիպված են շաբաթներով սպասել եվրոպական ավելի բարեկեցիկ երկրներ հասնելու համար: «Սնունդն արդեն դեֆիցիտ է, պայմանները գնալով ավելի են վատանում: Շատերը արդեն երկու շաբաթ է սպասում են առանց պատշաճ կացարանի կամ հագուստի», – հայտնում են Կարմիր խաչի հունական գրասենյակից: Հումանիտար ճգնաժամը հաղթահարելու համար Աթենքում Բրյուսելից սակայն պահանջում են ոչ միայն ֆինանսական օգնություն, այլ նաև ԵՄ երկրների միջև միգրանտների արդար բաշխման մեխանիզմներ, որի դեմ սակայն հանդես են գալիս ԵՄ անդամ երկրների մեծ մասը: Նման պահանջով է հանդես գալիս նաև Իտալիան, որը մտահոգություն է հայտնել, որ բալկանյան երթուղու փակվելուց հետո միգրանտների ուշադրությունը կկենտրոնանա իր վրա: Հիշեցնենք, որ նախորդ տարի Արևելյան միջերկրականով Իտալիա էին ժամանում հարյուր հազարավոր միգրանտներ: Անօրինական միգրացիան կասեցնելու համար ԵՄ ստիպված էր ուժեղացնել հսկողությունը Միջերկրականում:

11.03.2016