Կուբա-ԵՄ հարաբերությունները վերականգնվում են տասնամյակների լարվածությունից հետո

Եվրոպական Միությունն ու Կուբան համաձայնագիր են ստորագրել Հավանայում՝ քաղաքական երկխոսությունն ու երկկողմ հարաբերությունները երկու տարվա բանակցություններից հետո վերականգնելու վերաբերյալ:

ԵՄ գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի և Կուբայի արտաքին գործերի նախարար Բրունո Ռոդրիգեսի ստորագրած համաձայնագիրը ներառում է Եվրոպայի և Կուբայի միջև համագործակցությունը շրջակա միջավայրի պաշտպանության և Կուբայի հարկաjin համակարգի արդիականացման ծրագրերի շուրջ:

Տեքստը սակայն դեռևս պետք է վավերացվի բոլոր ներգրավված ԵՄ անդամ-երկրների կողմից, հաղորդում է The Guardian-ը:

ԵՄ բնականոն հարաբերությունները Կուբայի հետ խաթարվել էին կղզու սոցիալիստական կարգերի, միակուսակցական քաղաքական համակարգի, կենտրոնացված պլանային տնտեսության և մարդու իրավունքների զանգվածային խախտումների պատճառով:

«Այս նոր գործարքը երկկողմ հարաբերությունների նոր փուլ է նշանավորում, փոխադարձ վստահության և փոխըմբռնման պատմական դրսևորում», – հայտարարել է Մոգերինին:

Նշենք, որ նախօրեին մերձեցում է գրանցվել նաև Կուբա-ԱՄն հարաբերություններում: Այս համատեքստում Օբաման պատմական այցով Կուբայում կլինի մարտի 21-22-ին՝ դառնալով ԱՄՆ առաջին նախագահը 88 տարվա մեջ, որ այցելում է Կարիբյան ամենամեծ կղզին:

ԱՄՆ – Կուբա մերձեցումն ու տնտեսական աճի խոստումը բնականաբար հետաքրքրություն առաջացրին եվրոպական երկրներում, որոնք փաստորեն որոշեցին պահպանել իրենց դիրքերը `որպես Կուբայի հետ առևտրային գործընկերներ:

Ուստի վերոնշյալ համաձայնագրի էական բաղադրիչներն են քաղաքական երկխոսությունը, համագործակցությունն ու առևտուրը, նշում է Havana Times-ը:

Հիշեցնենք, որ Կուբան այն միակ լատինաամերիկյան երկիրն Է, որի հետ ԵՄ-ն դեռևս չուներ համապարփակ երկկողմ համաձայնագիր: 1996 թ.-ից սկսած ԵՄ-ն Կուբայի նկատմամբ այսպես կոչված «ընդհանուր դիրքորոշում» էր որդեգրել, ըստ որի հարաբերությունների բարելավումը երկրների միջև պայմանավորված էին կղզու վրա մարդու իրավունքների վիճակի բարեփոխումներով:

 Այդ առիթով Մոգերինին հայտարարել է, որ չնայած կնքված համաձայնագրին, ԵՄ-ն շարունակելու է ճնշում գործադրել Կուբայի վրա մարդու իրավունքների վիճակի հետ կապված և հետամուտ լինել այդ ոլորտում կատարվող բարեփոխումներին:

«Ուղերձը, որ մենք փոխանցում ենք Կուբայի իշխանություններին», – շեշտել է Մոգերինին, – «այն է, որ Կուբայի համար շատ ձեռնտու կլինի, եթե կղզու բոլոր բնակիչները վայելեն այն փոփոխությունները, որոնք առաջանում են երկրի «վերաբացման» արդյունքում»:

Աղբյուրը՝ armedia.am