Հուսահատ փախստականները բողոքի ակցիա են կազմակերպել Հունաստան- Մակեդոնիա սահմանին

Մակեդոնիայի խորհրդարանը կողմ է քվեարկել երկրի հարավային և հյուսիսային սահմանների վրա արտակարգ դրությունը երկարաձգելուն մինչև 2016 թ.-ի դեկտեմբերի 31-ը:

Ելույթ ունենալով խորհրդարանում՝ Մակեդոնիայի պաշտպանության նախարար Զորան Ժոլեվսկին հայտարարել է, որ երկրի միջամտությունն այս ցավոտ հարցերում արդյունք է Մակեդոնիա մուտք գործող փախստականների օրեցօր աճող թվերին:

Այս առիթով հազարավոր միգրանտներ բողոքի ակցիաներ են կազմակերպել Հունաստանի հետ Մակեդոնիայի սահմանին: Սահմանի փակումը զուգորդվում է Թուրքիայի հետ օրերս կնքած ԵՄ գործարքով, ըստ որի փակվել են հարավային բոլոր երթուղիները միգրանտների համար, ինչը նրանց էլ ավելի մեծ հուսահատության է հասցրել:

Հունաստանի կառավարությունն իր հերթին դիմում է կամավորների օգնությանը, ովքեր պետք է համոզվեն, որ փախստականները սահմանի վրա չեն ստանում ապատեղեկատվություն սահմանների վերաբացվելու վերաբերյալ: Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասն անձամբ պաշտոնապես հայտարարել է , որ Բալկանյան ուղին վերաբացելու հնարավորություն չկա: Ուստի Եվրոպա անցնելու համար Հունաստանի սահմանների մոտ հավաքված փախստականներին Ցիպրասը կոչ է արել չվտանգել սեփական կյանքը և դիմել իմիգրացիոն կենտրոններ:

Բանն այն է, որ վերջին օրերին, ի նշան Հունաստան-Մակեդոնիա սահմանը փակելու դեմ բողոքի , մի փախստական անգամ ինքնահրկիզվել էր: Արդեն 13 օր է, ինչ Բալկանյան սահմանը պաշտոնապես փակվել է, ինչի պատճառով էլ հազարավոր գաղթականներ մնացել են Եվրոպական երկրների հետ Հունաստանի սահմանին: Հունաստան-Մակեդոնիա սահմանին են կոտակվել է 12 հազար ներգաղթյալ:

Նշենք, որ բալկանյան երթուղու փակվելուց հետո ստեղծված նոր երթուղին սկսվում է Սիրիայի սահմանից ոչ հեռու գտնվող թուրքական Մերսին նավահանգստից, որտեղից փախստականները ձկնորսական և փոքր առևտրային նավերով անցնում են Միջերկրական ծովը և ներթափանցում Հունաստան կամ Իտալիա, որտեղից էլ հասնում են Ալբանիա, Սերբիա, ապա դեպի հյուսիս: Սակայն, ծովով միգրանտներին անցկացնելու համար փոխադրողներն ահռելի գումարներ են պահանջում՝ 3000-5000 եվրո:

Իսկ երկրորդ նոր ուղին անցնում է Բուլղարիայով: Թուրքիայից փախստականներն անցնում են Բուլղարիա, այնուհետև՝ Ռումինիա, Սերբիա, իսկ այնտեղից՝ ցրվում եվրոպական երկրներով:

Սակայն, պետք է նշել, որ փախստականների ներհոսքը դեպի Եվրոպա բավական թուլացել է այս շաբաթվա ընթացքում՝ հաշվի առնելով պայմանավորվածությունը Եվրոպական Միության և Թուրքիայի միջև, որն ուժի մեջ է մտել մարտի 20-ին, վերադարձնելու այն միգրանտներին, ովքեր փորձում են հատել Հունաստանի սահմանը:

Աղբյուրը՝ armedia.am