Ֆրանսիացի մի խումբ քաղաքական գործիչներ հանդես են եկել ԼՂՀ վերաբերյալ հայտարարությամբ

Ֆրանսիայի քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչներ, մի քանի տասնյակ դեպուտատներ, սենատորներ և քաղաքական գործիչներ հանդես են եկել ղարաբաղյան հակամարտության վերջին սրացման վերաբերյալ համատեղ հայտարարությամբ, որը հրապարակել է Le Monde հեղինակավոր հրատարակությունը:

Ֆրանսիայի քաղաքական գործիչների համատեղ հայտարարությունում մասնավորապես նշվում է, որ «Հարավային Կովկասը արդեն 6 օր է կրկին կրակի մեջ է ագրեսոր Ադրբեջանի պատճառով, ով, խրախուսվելով միջազգային հանրության անտարբերությամբ, փորձել է զավթել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը»:

«Այս հարձակումից անհրաժեշտ է դասեր քաղել: Սրանից հետո ով կհամարձակվի ղարաբաղցիներին խնդրել դառնալ ռեժիմի մաս, ով բացառապես ցանկանում է իրենց ֆիզիկապես ոչնչացնել», – նշում են քաղաքական գործիչները:

Ֆրանսիացի քաղաքական գործիչներն առաջարկում են վերականգնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասնակցությունը բանակցություններին. «21-րդ դարում քննարկել մի ժողովրդի ապագան և նրան վերաբերող հարցերն առանց իր մասնակցության՝ մեղմ ասած բովանդակությունից զուրկ գործընթաց է»:

 

08.04.2016