Ղարաբաղում վերջին բլիցկրիգն ապտակ է Մինսկի խմբին. Կարեն Բեքարյան

Ազգային ժողովի պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանն այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է ԼՂՀ դեմ Ադրբեջանի վերջին բլիցկրիգի որոշ բաղադրիչներին՝ այն անվանելով ուղիղ ագրեսիա, որը կարող է դասակարգվել որպես միջազգային իրավունքի ուղղակի խախտում:

«Մենք դժգոհ ենք միջնորդներից», – նշել է նա: «Ադրբեջանի շանտաժը, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուռ և տոլերանտ վերաբերմունքն Ադրբեջանի վերջին գործողություններին հանգեցրեցին նրան, որ Ադրբեջանը քայլ առ քայլ առաջ գնա իր սանձարձակության մեջ՝ ուղղակիորեն հրաժարվելով կրակի դադարեցման իր պարտավորություններից, դիպուկահարներին առաջին գծից հետ կանչելուց: Շանտաժը հասել է նրան, որ Ադրբեջանը ամենաբարձր մակարդակով հայտարարել է. «Ովքեր են ընդհանրապես այդ միջնորդները»: Մինսկի խումբը ամբողջ ընթացքում կուլ է տվել Ադրբեջանի նման պահվածքը, ընդ որում՝ ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքական առումով: Հենց այդ պատճառով Ադրբեջանը վստահ էր, որ միջնորդները «կուլ կտան» և այս «վերջին բլիցկրիգը»», – նշել է պատգամավորը՝ դժգոհություն հայտնելով կրակը առաջին իսկ օրը դադարեցնելու համանախագահների անկարողության կապակցությամբ:

Խոսելով վերջին բլիցկրիգի դասերի մասին՝ Կարեն Բեքարյանը հայտարարել է, որ դրանցից մեկն ապտակն էր Մինսկի խմբին:

Աղբյուրը՝ armedia.am