«Ավրորա» մրցանակի հիմնադիրները Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ հայտարարություն են արել

Ղարաբաղի իրադրության հետ կապված՝ 100 LIVES նախաձեռնության և «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի հիմնադիրներ Վարդան Գրեգորյանը, Նուբար Աֆեյանը և Ռուբեն Վարդանյանը հանդես են եկել հայտարարությամբ, որում ասվում է.

«Մենք՝ 100 LIVES նախաձեռնության և «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի հիմնադիրներս, մշտապես հավատարիմ ենք համընդհանուր խաղաղությանը, մարդու իրավունքներին և համարում ենք, որ բոլոր մարդիկ ունեն արժանապատիվ կյանքի իրավունք։ Նախորդ շաբաթվա մարտերն ու դաժանությունները խիստ մտահոգել են մեզ՝ Լեռնային Ղարաբաղի բնակիչների անվտանգության առումով: Զոհերը մեծ ցավ բերեցին: Սթափեցնող այդ իրադարձությունները ի ցույց են դնում միջազգային հանրությունը համախմբելու և բռնության զոհերին բոլորիս աջակցությունը հայտնելու անհրաժեշտությունը՝ լինեն դրանք Արցախում, թե աշխարհի այլ կետերում։

Ապրիլի վերջին միջազգային հարյուրավոր առաջնորդներ են ժամանելու Երևան՝ ոգեկոչելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը և «Ավրորա» մրցանակի միջոցով մեծարելու մերօրյա հումանիստներին, որոնք սեփական կյանքը վտանգելով փրկում են ուրիշներին։ Նախորդ շաբաթվա ընթացքում ակնհայտ դարձավ, որ հիմա, առավել քան երբևէ, կարևոր է ճանաչել և մեծարել այն բացառիկ մարդկանց՝ հերոսներին, որոնք պայքարում են համընդհանուր արժեքների համար և անձնվիրաբար փրկում են մարդկային կյանքեր: Նրանց պատմությունները խավար պահերի լույսի շողերն են և վերահաստատում են, որ բռնությունը ոչ մի դեպքում չի կարող լուծում լինել։

Պատմության ընթացքում հայերը երբեք չեն ընկճվել՝ նույնիսկ երբ սգում էին իրենց զոհերին: Ապրիլի 24-ին միջազգային հանրությունն ականատեսը կլինի վերածնված մի ազգի՝ հպարտ իր անցյալով և հայացքն առ լուսավոր ապագան: Մենք մեծ սիրով սպասում ենք այդ առաջնորդներին Երևանում՝ փառաբանելու «Ավրորա» մրցանակի հավակնորդների բացառիկ ներդրումը մարդասիրության ոլորտում»: