Հակամարտության սրացումը ցույց տվեց, որ այն ռազմական լուծում չունի. Մոգերինի

Հարավային Կովկասը Եվրոպայի համար կարևոր տարածաշրջան է, որը մեծ ներուժ ունի, ինչը սակայն կասեցվում է անկայունության և պատերազմների պատճառով: Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին Եվրախորհրդարանում Ղարաբաղի հարցով հատուկ քննարկման ժամանակ: «Լայնածավալ հակամարտությունը ոչ մեկի շահերից չի բխում և ոչնչի չի հանգեցնի: Այս հակամարտությունը խախտում է երկրների և նրանց հարևանների կայունությունը և խոչընդոտում է ԵՄ հետ մերձեցմանը», – նշել է Մոգերինին:

Նրա խոսքերով՝ լուրջ վտանգներ կան, եթե իրավիճակն արագորեն չհանդարտեցվի: «Հակամարտության սրացումը ևս մեկ անգամ ցույց է տվել, որ այն ռազմական լուծում չունի, և պետք է խստորեն հետևել կրակի դադարեցմանը», – նշել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը: Մոգերինին ԵՄ աջակցությունն է հայտնել հակամարտության կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին:

«Անհրաժեշտ է քաղաքական որոշում: Եվ մեր քաղաքական նպատակը պետք է լինի այն, որ կողմերը վերսկսեն բանակցությունները՝ հակամարտության գլոբալ կարգավորման նպատակով», – ասել է Մոգերինին:

 

13.04.2016