ԵՄ-ն իր անվտանգության բանալին չպետք է տա Թուրքիայի ձեռքը. Տուսկ

ԵՄ-ն պարտավոր է մշակել միասնական և հետևողական միգրացիոն քաղաքականություն՝ խիստ վերահսկողության տակ վերցնելով իր արտաքին սահմանները, և միաժամանակ չպետք է իր անվտանգության բանալին տա այլ երկրների ձեռքը, առաջին հերթին՝ Թուրքիայի: Այսպիսի կարծիք է հայտնել Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը ֆրանսիական Le Figaro թերթում հրապարակված հոդվածում:

«Ոչ ոք մեր փոխարեն չի պաշտպանի մեր սահմանները: Մենք չենք կարող մեր տարածքի, մեր անվտանգության բանալին տալ որևէ երրորդ երկրի: Դա վերաբերում է Թուրքիային, դա վերաբերում է նաև Հյուսիսային Աֆրիկայի երկրներին»,- նշել է նա:

Տուսկը զգուշացրել է, որ եվրոպացիների նոր զիջումները կարող են ընկալվել որպես «թուլություն, որը կմեծացներ ԵՄ-ին շանտաժի ենթարկելու ձգտումը»: Ուստի, նրա կարծիքով, ԵՄ-ն պետք է կոշտ դիրքորոշում որդեգրի Թուրքիայի իշխանությունների հետ միգրացիոն ճգնաժամի հետագա կարգավորման շուրջ բանակցություններում: