Հայտնի դարձավ «Ավրորա» մրցանակաբաշխության հաղթողը

Երեկ հայտնի դարձավ Ավրորա մրցանակաբաշխության հաղթողը, ում անունն արտասանեց աշխարհահռչակ հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին:

Եվ այսպես, նշանավոր մրցանակը բաժին հասավ Մարգարիտ Բարանկիցեին, ով Բուրունդիի քաղաքացիական պատերազմի տարիներին հազարավոր կյանքեր է փրկել ու խնամել որբերին ու փախստականներին: 2008 թվականին նա հիմնել է հիվանդանոց, որում մինչ օրս բժշկական օգնություն է ստացել 80,000 մարդ։

Որպես «Ավրորայի» դափնեկրի Բարանկիցեին շնորհվելու է 100,000 ԱՄՆ դոլարի պարգեւ, իսկ դափնեկիրն ինքը շարունակելու է նվիրատվության շղթան՝ ուղղորդելով 1,000,000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհն այն կազմակերպություններին, որոնք ոգեշնչել են իրեն՝ գործելու։ Մարգարիտ Բարանկիցեն նախատեսում է նվիրատվություն ուղղել երեք կազմակերպությունների՝ մարդասիրական օգնության, որբերին խնամելու եւ երեխաների աղքատության դեմ պայքարելու նպատակով:

«Մեր արժեքները մարդկային արժեքներն են: Երբ դուք ունեք կարեկցանք, արժանապատվություն ու սեր, ապա ոչինչ չի կարող վախեցնել ձեզ, ոչինչ եւ ոչ ոք չի կարող կանգնեցնել ձեզ: Որեւէ բան չի կարող հաղթել սիրուն՝ ոչ բանակները, ոչ ատելությունը, ոչ հետապնդումները, ոչ սովը. ոչինչ», – հայտնել է Բարանկիցեն՝ ընտրող հանձնաժողովի համանախագահ Ջորջ Քլունիից ընդունելով «Ավրորա» մրցանակը: