«Երիտասարդության ձայնը-4» ծրագիր

Հայտնի ճշմարտություն է, որ ցանկացած երկրի ապագան նրա երիտասարդությունն է: Թե ինչպիսին կլինի այդ ապագան, կախված է երիտասարդության որակներից, գիտելիքներից և մտածելակերպից: Այս տրամաբանությունից ելնելով՝ յուրաքանչյուր երկիր իր համար առաջնահերթություն է դիտարկում սեփական երիտասարդության զարգացումը: Որքանով այսօրվա երիտասարդները ներգրավված են երկրի քաղաքական, սոցիալ-տնտեսական, հասարակական կյանքում, որքանով լսելի են դարձնում իրենց ձայնն ու կարողանում պաշտպանել իրենց իրավունքները կյանքի ամենատարբեր ոլորտներում, այնքանով էլ կարելի է պատկերացում կազմել ապագա որոշում ընդունողների մասին:

Հավատարիմ մնալով երիտասարդների հետ աշխատելու գերակայությանը՝ մեր կազմակերպությունն առանձնակի կարևորում է իրականացված և իրականացվող երիտասարդական ծրագրերի շարունակականությունը: Հաջողությամբ իրականացնելով «Երիտասարդության ձայնը» ծրագրի երեք փուլերը՝ «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ն ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ իրականացրել է նաև «Երիտասարդության ձայնը-4» ծրագիրը:

Ծրագրի նկարագրությունը

Ծրագրի նպատակներն էին՝ բարձրացնել երիտասարդ մասնագետների կարևոր ներգրավվածությունը քաղաքականության մեջ, հնարավորություն տալ այս ոլորտով հետաքրքրվող երիտասարդներին «թարմ շունչ» հաղորդել արտաքին քաղաքական խնդիրների հարցում, հետագայում հանդես գալ ԶԼՄ-ներում որպես երիտասարդ փորձագետներ և բարձրաձայնել սեփական կարծիքը, հանդիսանալ նոր մտքերի գեներացիայի հարթակ, ինչպես նաև խթանել ՀՀ տարբեր մարզերում բնակվող երիտասարդների շփումները, նպաստել երիտասարդական մայրաքաղաքի գաղափարի հանրայնացմանը:

Ծրագրի թեմաներն էին՝ Ղարաբաղյան հակամարտություն՝ բանակցային գործընթաց, վերջին զարգացումներ, ՀՀ արտաքին քաղաքականությունն ինտեգրացիոն գործընթացների համատեքստում, տարածաշրջանային զարգացումները Հարավային Կովկասի կտրվածքով, զարգացումները Մերձավոր Արևելքում, ինչպես նաև Հեռավոր Արևելք. Հնդկաստանի և Չինաստանի քաղաքականությունը և շահերը Հարավային Կովկասում: Թեմաների ընտրությունը կատարվել է՝ հաշվի առնելով վերջին շրջանում տեղի ունեցած զարգացումները, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն առնչվում են ՀՀ արտաքին քաղաքականությանը, ինչպես նաև նախորդ ծրագրերի ժամանակ երիտասարդների ցուցաբերած թեմատիկ հետաքրքրությունը:

Ծրագիրը նախատեսում էր 3 միջոցառում` 2 երկօրյա թրեյնինգ Երևանում և 1 մեկօրյա թրեյնինգ Ստեփանավանում (2015 թ. երիտասարդական մայրաքաղաք)՝ կիրառելով ոչ ֆորմալ կրթության մեթոդներ` դերային խաղեր, բանավեճեր, թիմային աշխատանքներ և այլն:

«Երիտասարդության ձայնը-4» ծրագրի շրջանակներում մեր Կազմակերպությունը համագործակցում էր հայաստանյան ԶԼՄ դաշտի մեր գործընկեր «Արմեդիա» տեղեկատվական, վերլուծական գործակալության հետ:

Ծրագրի լուսաբանում

Տարածաշրջանային զարգացումները՝ երիտասարդների ուշադրության կենտրոնում

Երիտասարդները քննարկել են հարավկովկասյան հակամարտությունները և ԻՊ-ի դեմ պայքարը

Երիտասարդները քննարկել են ռուս-թուրքական լարվածությունն ու հայ-իրանական համագործակցության հեռանկարները

ՀՀ ինտեգրացիոն գործընթացները՝ երիտասարդության ուշադրության կենտրոնում

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը՝ երիտասարդների ուշադրության կենտրոնում

Քննարկում ստեփանավանում. Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում կարևոր է հանրությունների մերձեցումը

.

Ծրագրի լուսանկարները