Ադրբեջանը, ԵԽ անդամ լինելով, կարող է ճաղերի հետևում պահել լրագրողին՝ ճշմարտությունը չլսելու համար. Ամալ Քլունի

Մարդու իրավունքների պաշտպան, իրավաբան Ամալ Ալամուդին Քլունին՝ հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունիի կինը, ճաղերի հետևում պահվող ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայիլովայի շահերն է ներկայացնում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։

Ադրբեջանի իշխանությունների դեմ քննադատությամբ հանդես եկած Իսմայիլովան ձերբակալվել է 18 ամիս առաջ, հայտնում է tert.am-ը։

Ամալ Քլունին բրիտանական BBC-ի եթերում խոսել է լրագրողի գործի մասին՝ պատմելով, թե ինչու է որոշել ստանձնել այդ գործը:

«Վերջին տարիների ընթացքում ես ներկայացրել եմ այլ լրագրողների շահերը, և այդ ընթացքում շատ բաներ եմ կարդացել ողջ աշխարհում լրագրողների հետ կապված գործերի մասին։ Այս մեկն իսկապես ինձ հուզեց, որովհետև մի կողմից ես տեսա, որ նա իսկապես քաջ կին է, 39 տարեկան երիտասարդ կին, ով աշխատում է մի երկրում, որտեղ նա շատ լավ գիտեր լրագրող լինելու հետևանքները»,- ասել է Ամալ Քլունին:

«Այն միտքը, որ Ադրբեջանը, Եվրոպայի խորհրդի անդամ լինելով, կարող է ճաղերի հետևում պահել լրագրողի, որովհետև չի ցանկանում, որ նա ճշմարտությունը հաղորդի, ինձ իսկապես զայրացրեց, և ես մտածեցի, որ գուցե կարող եմ ինչ-որ բան անել նրան օգնելու համար»,- հավելել է նա:

Լրագրողը հարցրել է Ամալ Քլունիին, թե ինչպես է նա վերաբերվում ԱՄՆ-ի իշխանությունների արձագանքին, որոնք կարծես գոհ են Ադրբեջանի գրանցած առաջընթացից։

«Լավ նորությունն այն է, որ մենք գիտենք, որ դիվանագիտական ճնշումը կարող է ազդեցություն ունենալ իշխանության վրա»,- ասել է իրավապաշտպանը՝ հիշեցնելով, որ անցած ամիս ազատ են արձակվել տասնյակ քաղբանտարկյալներ, և դրանից երկու շաբաթ անց նախագահ Իլհամ Ալիևն արդեն հանդիպել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և փոխնախագահ Ջո Բայդենի հետ։ Ամալ Քլունին դա որպես դրական քայլ է գնահատել, սակայն նշել է, որ Խադիջան դեռ մնում է բանտարկված:

Հիշեցնենք, որ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանն ադրբեջանցի հայտնի հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովային դատապարտել է 7.5 տարվա ազատազրկման։ Նա մեղավոր է ճանաչվել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացնելն ու ծախսելը), 192-րդ հոդվածի (անօրինական գործարարություն), 213-րդ հոդվածի (հարկերից խուսափելը) և 308 հոդվածի (լիազորությունների չարաշահումը) հատկանիշներով։

26.04.2016