ԵՄ բանակ ստեղծելու խնդիրը կրկին օրակարգում

Financial Times պարբերականի փոխանցմամբ՝ Գերմանիան մտադիր է կոչ անել ԵՄ անդամ պետություններին սկսելու աշխատանքներ Եվրոպական միասնական զինված ուժերի ստեղծման ուղղությամբ: Համաձայն աղբյուրի՝ Գերմանիան պաշտոնապես հանդես կգա նման առաջարկով արդեն հուլիսին:

Նշենք, որ Եվրոպական միության շրջանակներում միացյալ զորքերի ստեղծման գաղափարը բնավ նոր չէ: Ավելին, դրա ստեղծման մասին խոսվում էր դեռ 1950-ականներին, երբ, ըստ էության, դրվում էին ԵՄ հիմքերը: Այդ գաղափարի շուրջ քննարկումները շարունակվեցին նաև հաջորդող տարիների ընթացքում, իսկ առավել խորը մշակված, ձևավորված տեսքով հանդես եկան արդեն 1980-ականներին: Այս ամենի տրամաբանության ներքո էր, որ 1987-ին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Միտերանի նախաձեռնությամբ ստեղծվեց ֆրանս-գերմանական միացյալ բրիգադան: Այնուհետև 1992-ին ձևավորվեց «եվրոկորպուսը» ՝ որպես միացյալ զորքերի ստեղծման նախադրյալ: Ներկայումս դրա անդամ են հանդիսանում Ֆրանսիան (1992-ից), Գերմանիան (1992-ից), Բելգիան (1993-ից), Իսպանիան (1994-ից) և Լյուքսեմբուրգը (1996-ից): Ասոցիացված անդամ են Հունաստանը (2002-ից), Լեհաստանը (2002-ից), Թուրքիան (2002-ից), Իտալիան (2009-ից), Ռումինիան (2016-ից): Սակայն տվյալ մարմինը միջկառավարական համաձայնագրերի հիման վրա ստեղծված մարմին է, ուստի ուղղակիորեն դուրս է ԵՄ ընդհանուր կառուցվածքից և անմիջականորեն չի ենթարկվում վերջինիս: Փոխարենը քննարկվող եվրոպական միացյալ զինված ուժերը կամ եվրոբանակը նախատեսվում է ստեղծել հենց ԵՄ շրջանակներում:

Եվրոպական միության անդամ երկրների ճնշող մեծամասնությունը կողմ են միացյալ զինված ուժեր ունենալու գաղափարին: Բացի նրանից, որ այն ավելի կմեծացնի ԵՄ դերը, կդառնա անմիջականորեն Եվրոպայի ձեռքում գտնվող անվտանգության երաշխավոր (ի տարբերություն ՆԱՏՕ-ի), այն նաև էապես կնվազեցնի եվրոպացիների՝ անվտագության համար արվող ծախսերը (տարբեր հաշվարկներով՝ տարեկան մինչև 120 միլիարդ եվրո):

Փոխարենը, հարցին խիստ բացասաբար է վերաբերվում Մեծ Բրիտանիան: Երբ 2015-ի մարտին Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հերթական անգամ բարձրաձայնեց միացյալ զինված ուժեր ստեղծելու անհրաժեշտության մասին, բրիտանական կառավարությունը պաշտոնապես հայտարարեց. «Այս հարցում մեր մոտեցումը շատ հստակ է. պաշտպանությունն առանձին պետությունների պարտավորությունն է, և ոչ ԵՄ-ինը: Նման մոտեցման փոփոխության համար նախադրյալներ չկան, ճիշտ այնպես, ինչպես և չկան եվրոպական զորքերի ստեղծման հեռանկարներ»: Իհարկե պարզ է, որ եվրոպական զինված ուժերի ստեղծումն էապես կթուլացնի ՆԱՏՕ-ն, ինչը բնավ չի բխում անգլո-ամերիկյան շահերից: Մեծ մասամբ սրանով է բացատրվում Մեծ Բրիտանիայի այսքան կոշտ դիրքորոշումը:

Ժամանակ առ ժամանակ Եվրոպայում նոր թափով սկսվում է քննարկվել եվրոպական միացյալ զորքերի ստեղծման հարցը: Բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ հանդես են գալիս հայտարարություններով, կոչերով ու հիմնավորումներով, սակայն ակնհայտ է, որ նման բնույթի հարցը մեկ կամ երկու օրում, կամ նույնիսկ տարում չի կարող լուծվել: Նույնիսկ համընդհանուր կոնսոլիդացիայի ու համախմբման դեպքում, բազմաթիվ տարիներ կպահանջվեն, մինչև եվրոբանակի գաղափարը իրականություն դառնա: Այն մոտ ապագայում դեռ տեսանելի չէ: