Շուշի. հայերի ուժեղ կամքի և ապրելու անհագ ցանկության խորհրդանիշ

1992թ-ի մայիսի 8… 23 տարի է անցել Շուշիի ազատագրման օրվանից, քաղաք, որը ժամանակին եղել է քաղաքակրթության, քաղաքաշինական ավանդույթների և մշակութային գանձարանի կենտրոն:

20-րդ դարում, ինչևէ, այն բազում դժվարությունների միջով է անցել – ջարդեր, պատերազմ, սով, անհույս օրեր… դժվար էր պատկերացնել, որ երբևէ հնարավոր կլինի վերադառնալ կյանքի բնականոն հուն… Ինչևէ, ցանկացած թունելի վերջում միշտ էլ լույս է երևում: 1992 թվականի մայիսի 8-ը դարձավ հայոց պատմության՝ Արցախի պատմության, փառահեղ էջերից մեկը: Այդ պատմական օրը Շուշին ազատագրվեց: Բացառիկ գործողության արդյունքում խնդիր դրվեց Լաչինով բացել “կյանքի ճանապարհ” և ճեղքել Ղարաբաղի շրջափակումը։ Չնայած նրան, որ այդ գործողությունից հետո դեռևս երկու տարի շարունակվում էին արյունահեղ բախումները, Շուշիի հաղթանակը բարձրացրեց հայ ժողովրդի մարտական ոգին. Ղարաբաղն աստիճանաբար սկսեց ազատագրվել ադրբեջանական զորամիավորումներից։ Այդ ժամանակից ի վեր՝ ՀԱՂԹԱՆԱԿ բառը դարձավ Շուշիի հոմանիշը:

Չնայած բազում դժվարություններին՝ Շուշին ծաղկում է: Այդ կարծես թե դարձել է հայերի ուժեղ կամքի և ապրելու անհագ ցանկության խորհրդանիշը: Ծաղկող Շուշին ասես բարձրաձայնում է ի լուր աշխարհի, որ մենք՝ հայերս, ապրում ենք, մենք կենդանի ենք ու շարունակում ենք արարել, ծնել տաղանդավոր հայեր, ովքեր հայտնի են դառնում ողջ աշխարհում, ովքեր «եղանակ» են փոխում, ում գործերով շատերն են հիանում:

Ավելի լավ պատկերացում կազմելու համար, թե ինչպիսին է Շուշին այսօր, «Արմեդիա» ՏՎԳ-ն զրուցել է Արցախի բնակիչների հետ:

«Ես անկախության սերունդ եմ և չեմ տեսել խորհրդային Շուշին, որի մասին պատմում են ծնողներս: Շուշին հիմա և 5 տարի առաջ շատ տարբեր է: Կարելի է ասել, որ ես ու անկախ Շուշի քաղաքը միասին ենք մեծանում: Շուշին այժմ վերածվել է քաղաքի, որտեղ ուրախությունն ու աշխուժությունն են տիրում», – նշել է Ալվարդ Սարգսյանը: Ըստ նրա՝ Շուշիում միշտ կարելի է հանդիպել նոր ամուսնացող զույգերի, ինչը վկայում է այն մասին, որ Շուշին ապրում ու զարգանում է:

Արցախի մեկ այլ բանկիչ մերօրյա Շուշին համեմատեց առասպելական Փյունիկի հետ, որը մոխրից ու ավերակներից հարություն է առել և կենդանացել: «Շուշիում դեռևս մնացել են պատերազմի հետքերը և գրեթե ամեն մի անկյունում կարող ես տեսնել դրա վկայությունները, սակայն արցախցու ոգու և ապրելու կամքի շնորհիվ Շուշին այժմ վերականգնվում է: Վերջին տարիներին ավելի մեծ զարկ է տրվել շինարարությանը. հյուրանոցները, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը, մշակույթի նախարարության շենքը, գորգերի թանգարանը, պատկերասրահը սրա վառ ապացույցն են: Պատմականորեն լինելով մշակութային կենտրոն, սակայն ժամանակավոր զրկվելով այդ տիտղոսից՝ այն սկսել է վերակագնել իր վաղեմի «կոչումը»: Շուշին սիրված է ոչ միայն հայերի, այլև Արցախ այցելող բոլոր օտարերկրացիների համար»:

Ըստ Արտակ Բեգլարյանի՝ Շուշին այսօր հիմնականում վերականգնված է պատերազմի հետքերից, արագ զարգանում է, իսկ բնակչության քանակի աճը նշանակալի է վերջին տարիներին: «Ամենաշատ աչքի զարնող փոփոխություններից մեկը Շուշիի վերածնված մշակութային կերպարն է, և այժմ քայլեր են կատարվում կրթական կենտրոնի նախկին անունն ու հնարավորությունները վերականգնելու ուղղությամբ», – նշել է Արտակը:

09.05.2016