Գերմանացի մտավորականները կոչ են արել Մերկելին ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Գերմանացի մտավորականները, որոնց շարքում է նաև ազգությամբ թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքընը, բաց նամակ են հրապարակել` ուղղված Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին և Բունդեսթագին, որով նրան հորդորում են հունիսի 2-ի բանաձևով ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այս մասին տեղեկացնում է Artsakhpress-ը՝ հղում կատարելով գերմանական «Die Zeit» պարբերականին:

«Մենք հորդորում ենք Ձեզ կանգնել եվրոպական հիմնարար արժեքների կողքին և հստակություն մտցնել բառապաշարում: Հայոց ցեղասպանության ժխտումը ներկայում հիմք է հանդիսանում նոր բռնությունների համար: 1915 թվականին հայերն ահաբեկիչ էին անվանվում, նրանց գույքը խլվեց, իսկ հիմա` միայն 2015 թվականին Թուրքիայում պաշտոնապես ավելի քան 5 հազար քուրդ է սպանվել, ովքեր մեղադրվում էին ահաբեկիչ լինելու մեջ: Այս ամենը հնարավոր է դարձել, քանի որ Թուրքիան պարբերաբար հրաժարվում է առերեսվել իր պատմության հետ, իսկ նրա` անցյալում, ինչպես նաև ներկայում կատարած գործողություները միջազգային հանրության կողմից որևէ պատասխանի չեն արժանանում»,- նշել են մտավորականները` ընդգծելով, որ Բունդեսթագն ու դրան նախորդած կառույցները Հայոց ցեղասպանության հարցում ավելի քան 100 տարի լռություն են պահպանել: