“Բացահայտենք ՆԱՏՕ-ն”

“Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ-ն ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատան աջակցությամբ իրականացրել է “Բացահայտենք ՆԱՏՕ-ն” ծրագիրը, որն իրենից ներկայացնում էր սեմինար-քննարկումների շարք Հայաստանի մարզային բուհերում:

Յուրաքանչյուր սեմինար-քննարկման ժամանակ ներկայացվել են կարճ զեկույցներ ոլորտի փորձագետների կողմից: Սեմինար-քննարկումների ժամանակ ցուցադրվել են նաև տեսանյութեր ՆԱՏՕ-ի վերաբերյալ, որոնք ներառել են ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև ՆԱՏՕ-ի Եվրոատլանտյան Համագործակցության Խորհրդի Անվտանգության ֆորումի շրջանակներում դեսպանների հետ իրականացված բացառիկ հարցազրույցներ և նկարահանումներ:

Նախագծի նպատակներն էին.

1. Հասարակության մեջ հնարավորինս կոտրել դեռ խորհրդային ժամանակներից արմատացած բացասական կարծրատիպերը ՆԱՏՕ-ի վերաբերյալ,

2. Քննարկել ՆԱՏՕ-Հարավային Կովկաս, ՆԱՏՕ-Հայաստան հարաբերությունները,

3. Ներկայացնել ՆԱՏՕ-ն որպես իր անդամների միջև կոնֆլիկտներ կարգավորող կառույց,

4. Ներկայացնել ՆԱՏՕ-ն ոչ միայն որպես ռազմական կառույց, այլ կառույց, որն առնչվում է գիտության, խաղաղարար առաքելությունների և մարդասիրական խնդիրների հետ:

Ծրագրի մեդիա գործընկեր “Արմեդիա” ՏՎԳ-ն ապահովել է քննարկումների մասին հոդվածների պատրաստումն ու տեղադրումն իր կայքում: Պատրաստվել է նաև մարզերում անցկացրած քննարկումների արդյունքներն ամփոփող հեռուստածրագիր:

Սեմինար-քննարկումների ավարտից հետո երիտասարդ մասնակիցները մասնակցել են նաև “ՆԱՏՕ-ն իմ աչքերով” շարադրություն-մրցույթին, իսկ լավագույն 2 շարադրությունների հեղինակները հանդիպում են ունեցել Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան պրն Չարլզ Լոնսդեյլի հետ և պարգևատրվել մրցանակներով: