Հայաստանի մարզային ՀԿ-ներ. զարգացնում ենք կարողությունները

Հայաստանի մարզերի ՀԿ ներկայացուցիչները Երևանում մասնակցել են ծրագրերի նախագծման և ֆոնդահայթայթման (ֆինանսական և այլ միջոցներ ներգրավելու գործընթաց) կարողությունների բարձրացման թրեյնինգի: Հայաստանի մարզերի ամենատարբեր ուղղություններ ներկայացնող հասարակական կազմակերպությունների ակտիվիստներն երկու օրվա ընթացքում դասընթացավարներ Աննա Եղոյանի (“Youth Initiative Centre”) և Կարինե Օհանյանի (European Integration NGO) հետ միասին քննարկել են միջազգային և այլ հիմնադրամների համար ծրագրային առաջարկներ նախագծելուն, դրամաշնորհներ փնտրելուն, հայկական հասարակական կազմակերպությունների կարիքների համար դրամական ռեսուրսների հնարավոր ներգրավմանը վերաբերող տարաբնույթ հարցեր:

Դասընթացն իրականացվել է «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ի կողմից ԵՄ կողմից ֆինանսավորվող «Քաղաքացիական հասարակություն: Երկխոսություն հանուն առաջընթացի» ծրագրի շրջանակում: Դասընթացին ներկա է եղել նաև «Քաղաքացիական հասարակություն: Երկխոսություն հանուն առաջընթացի» ծրագրի կարողությունների զարգացման պատասխանատու Սերհիյ Պոլյանսկին:

Նշենք, որ սա Հայաստանի մարզային ՀԿ-ների ներկայացուցիչների կարողությունների զարգացմանն ուղղված միջոցառումների շարքի առաջին թրեյնինգն էր: