ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ամփոփել են հանդիպման արդյունքները

ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ամփոփել են մայիսի 16-ին Վիեննայում տեղի ունեցած հանդիպման արդյունքները։ Ներկայացնում ենք նրանց տարածած հայտարարության ամբողջական տեքստը․

«ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ Պետքարտուղար Ջոն Քերրին և Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետական քարտուղար Հարլեմ Դեզիրը, որոնք ներկայացնում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, այսօր հանդիպում են ունեցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ առաջ մղելու ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը։

Նրանք վերահաստատել են, որ հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում։ Համանախագահները շեշտել են 1994 և 1995թ․ հրադադարի համաձայնագրերը պահպանելու կարևորությունը։

Նախագահները վերահաստատել են իրենց հավատարմությունը հրադադարին և հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Հետագա բռնության ռիսկը նվազեցնելու նպատակով նրանք համաձայնել են հնարավորինս կարճ ժամանակում ավարտին հասցնել ԵԱՀԿ հետաքննության մեխանիզմը։ Նախագահները նաև համաձայնել են ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներակայացուցչի գործող գրասենյակի ընդլայնմանը։ Վերջապես, նրանք համաձայնել են շարունակել ԿԽՄԿ հովանու ներքո իրականացնել անհետ կորած անձանց մասին տեղեկատվության փոխանակում, ինչին նախագահները հավատարմություն էին հայտնել 2014թ․ հոկտեմբերին Փարիզի գագաթաժողովի ժամանակ։

Նախագահները համաձայնություն են տվել անցկացնել բանակցությունների հաջորդ փուլը հունիս ամսին փոխադարձաբար ընդունելի վայրում՝ նպատակ հետապնդելով շարունակել բանակցությունները համապարփակ կարգավորման շուրջ»։