Ի՞նչ են ակնկալում «արևելյան գործընկերները» Բրյուսելից

Բրյուսելում կայացել է Եվրոպական միության և «Արևելյան գործընկերության» երկրների (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա) արտգործնախարարների 7-րդ հանդիպումը: Բրյուսելյան հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են հարևանության եվրոպական քաղաքականության վերանայման համատեքստում «Արևելյան գործընկերության» ընթացիկ վիճակին և հեռանկարներին առնչվող մի շարք հարցեր, ինչպես նաև 2017 թվականին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի նախապատրաստությունը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԵՄ-ն հայտարարել է, որ մտադիր է գործընկերներից յուրաքանչյուրի հետ համագործակցության անհատական ծրագրեր մշակել՝ հիմնվելով յուրաքանչյուր երկրի կարիքների և հայտերի վրա:

Ինչպես իր ելույթի ժամանակ նշեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, Հայաստանն ակնկալում է բոլոր հնարավոր ոլորտներում և ուղղություններով զարգացնել ու խորացնել համապարփակ համագործակցությունը և՛ Արևելյան գործընկերության, և՛ Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում` հիմնվելով վերջին տարիների ձեռքբերումների վրա և պատշաճ կերպով նկատի ունենալով այլ ինտեգրացիոն ձևաչափերում Հայաստանի հանձնառությունները: Հիշեցնենք, որ 2015 թվականի դեկտեմբերին ազդարարվեց Հայաստանի և Եվրոպական միության միջև նոր համապարփակ համաձայնագրի շուրջ բանակցությունների պաշտոնական մեկնարկը, ինչը նախատեսում է կողմերի միջև համագործակցության նոր իրավապայմանագրային հիմքի ստեղծում:

Էդվարդ Նալբանդյանն իր ելությում անդրադարձավ նաև Ղարաբաղյան հակամարտությունում վերջին զարգացումներին: Նալբանդյանը, մասնավորապես, եվրոպական դիվանագիտության ուշադրությունը հրավիրել է Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից ընդամենն օրեր անց ադրբեջանական պաշտոնյաների կողմից դրա արդյունքը կասկածի տակ դնող փորձերի վրա:

Իր հերթին Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն, անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտությանը, նշել է գոյություն ունեցող ստատուս-քվոյի «անընդունելի» լինելու մասին և խոսել ապառազմականացման ու զորքերի դուրսբերման մասին:

Ինչ վերաբերում է ԵՄ հետ համագործակցությանը, ապա նշենք, որ Ադրբեջանն ավելի շատ կարևորություն է տալիս Բրյուսելի հետ տնտեսական, այլ ոչ թե քաղաքական համագործակցությանը: Մամեդյարովի խոսքով՝ Ադրբեջանը շարունակում է գործադրել բոլոր ջանքերը, որպեսզի ավելի մեծ ներդրում ունենա տարածաշրջանի տրանսպորտային տարանցիկ միջանցքների զարգացման հարցում: Միևնույն ժամանակ, նա ընդգծել է ԵՄ էներգաանվտանգության ոլորտում Ադրբեջանի հուսալի գործընկեր լինելու և «Հարավային գազային միջանցքի» կարևորության մասին:

Նշենք, որ Վրաստանի և Ուկրաինայի համար այս գագաթաժողովում առաջնայինը ԵՄ հետ վիզային ռեժիմի ազատականացման հարցն էր, որը կքննարկվի Եվրոպայի խորհրդի հուլիսյան նիստի ժամանակ: Ինչպես հանդիպման արդյունքում նշել է Ուկրաինայի ԱԳ նախարար Պավել Կլիմկինը, վիզային ռեժիմի չեղարկման մասին բանակցություններն ընթանում են պլանի համաձայն: Վրաստանի արտգործնախարար Միխայիլ Ջանելիձեն հանդիպման արդյունքում հայտարարել է, որ 2016 թվականի հուլիսի 1-ից ամբողջությամբ ուժի մեջ կմտնի ԵՄ-ի հետ Վրաստանի ասոցացման մասին համաձայնագիրը:

Նշենք, որ ԵՄ կողմից հարևանության քաղաքականության վերանայումն ընդհանուր առմամբ խթանիչ ազդեցություն կունենա «Արևելյան գործընկերության» շրջանակներում ԵՄ հետ հետագա համագործակցության համար: Այսպես, Բելառուսը, որը կարելի է ասել արևելյան գործընկերներից ամենաթույլ դիրքերում էր, այժմ շահագրգռված է նոր ձևաչափով ԵՄ հետ համագործակցության մեջ: