Ավստրիայի նախագահական ընտրությունները փրկեցին Եվրոպան

Ավստրիայի նախագահական ընտրությունների արդյունքներով ցնծում է գրեթե ողջ Եվրոպան, քանի որ հաղթանակ է տարել Կանաչների կուսակցության նախկին ղեկավար, անկախ թեկնածու Ալեքսանդր Վան Դեր Բելենը՝ առավելության հասնելով Նորբերտ Հոֆերի նկատմամբ, որի հաղթանակի դեպքում Եվրոպան նորագույն շրջանում կունենար առաջին ծայրահեղական աջ ղեկավարը:

Ծայրահեղական ուժերի հնարավոր հաղթանակն անհանգստության մեծ ալիք էր առաջացրել ոչ միայն Ավստրիայում, այլ նաև Արևմտյան Եվրոպայի այլ երկրներում: Հարկ է նշել, որ բազմաթիվ լրատվամիջոցներ Ավստրիայում տեղի ունեցած ներկայիս նախագահական ընտրությունները համեմատում են Ֆրանսիայի 2002 թվականին կայացած ընտրությունների հետ, երբ երկրորդ փուլի նախօրեին բոլոր չափավոր քաղաքական ուժերը, միավորվելով Ժակ Շիրակի շուրջ, կանխեցին Ֆրանսիայի ծայրահեղ աջ «Ազգային ճակատի» հիմնադիր Ժան Մարի լե Պենի հաղթանակը:

Ի լրումն դրան՝ անհանգստության առիթ էր համարվում նաև այն, որ չնայած Ավստրիայի նախագահի լիազորությունները, ինչպես ցանկացած խորհրդարանական համակարգ ունեցող երկրում, բավական սահմանափակ են, Հոֆերը նախընտրական քարոզարշավների ժամանակ չէր բացառում, որ ստեղծված որոշ իրավիճակներում կարող է խախտել ավանդույթը: Ի դեպ, նախագահական իշխանությունն ամրապնդելու պահանջը 90-ական թվականներից սկսած եղել է իր կուսակցության ծրագրային փաստաթղթերում:

Այսպիսով, առաջին հայացքից թվում է, թե Հոֆերի պարտությամբ «ամբողջ Եվրոպան շունչ քաշեց», ինչպես հայտարարել է Գերմանիայի արտգործնախարարության ղեկավար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը՝ մեկնաբանելով Ավստրիայում կայացած ընտրությունները:

Սակայն, հատկանշականն այն է, որ ընտրողների թվի տարբերությունն այդքան էլ մեծ չէ: Ընտրությունների երկրորդ փուլում Վան Դեր Բելենը ստացել է ձայների 50.3%-ը, իսկ Հոֆերը՝ 49.7%-ը: Չի բացառվում, որ եվրոպական այլ երկրներում, մասնավորապես՝ Ֆրանսիայում, Գերմանիայում, Հոլանդիայում, պոպուլիստական աջ թևը Հոֆերի ընտրական հաջողությունները սկսելու է օգտագործել որպես հանրային տրամադրություններում ազգայնականության աճի ապացույց: «Ծայրահեղական աջերի թեկնածու Հոֆերի զանգվածային աջակցությունը նշանավորում է վերադարձ դեպի անցյալ, ինչը չի կարող չհիասթափեցնել», – գրում է բրիտանական The Guardian- ը:

«Պոպուլիստները մեծ թափ են հավաքում ամբողջ Եվրոպայում, իսկ այժմ որոշակի չափով հանգիստ Ավստրիան կարող է դառնալ Եվրոպայի առաջին երկիրը, որտեղ ծայրահեղական աջերը հավանաբար իրական իշխանություն ձեռք կբերեն: Հասկանալի է, որ այս ամենը չի ավարտվելու երկուշաբթի կայացած ընտրություններով: Ավստրիան կդառնա քաղաքական լաբորատորիա, որտեղ առաջիկա տարիներին կփորձարկվեն պոպուլիստների դեմ պայքարի մեթոդները», – գրել է լեհական Gazeta Wyborcza-ն ընտրությունների նախաշեմին:

Բացի վերոնշյալից, հարկ է նշել, որ Ավստրիայում կայացած ընտրություններն ինքնին հետաքրքիր ավարտ ունեցան: Հատկանշականն այն է, որ երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո առաջին անգամ Ավստրիայի նախագահ է դարձել երկու գլխավոր Սոցիալ-դեմոկրատական և Ժողովրդական կուսակցությունները չներկայացնող թեկնածուն: Կարելի է ասել, որ նախագահական այս ընտրությունների արդյունքները հստակ ազդանշան են հանդիսանում այն բանին, որ ընտրողները չեն ցանկանում նախկին քաղաքական համակարգի շարունակությունը: Բացի այդ, այս ընտրությունները համարվում են Ավստրիայի՝ միգրանտների նկատմամբ ունեցած վերաբերմունքի ցուցանիշ: Ի տարբերություն իր եվրահոռետես մրցակցի՝ 72-ամյա Վան Դեր Բելենը եվրոպական միասնության կողմնակից է: Նա հանդես է գալիս հօգուտ միգրացիոն քաղաքականության համերաշխության և դեմ է սահմանների փակմանը: Իսկ Հոֆերը նախընտրական քարոզարշավն անցկացնում էր ազգայնական կարգախոսներով՝ բազմիցս նշելով, որ Ավստրիայի բնակիչները հոգնել են փախստականների ներհոսքից:

Աղբյուրը՝ armedia.am