ԲԵՌՆՈՒՄ ՑՈՒՑԱԴՐՎԵԼ Է «ԱՂԵՏ. ՄԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ» ՖԻԼՄԸ

Շվեյցարիայի Համադաշնության խորհրդարանում հայ-շվեյցարական բարեկամության խորհրդարանական խմբի և «Վտանգված ժողովուրդների ընկերակցություն» (Gesellschaft für bedrohte Völker) կազմակերպության նախաձեռնությամբ Բեռնի արվեստի թանգարանի կինոդահլիճում օրերս ցուցադրվել է գերմանացի ռեժիսոր Էրիկ Ֆրիդլերի (Eric Friedler) նկարահանած «Աղետ. Մի Ցեղասպանություն» վավերագրական ֆիլմը:

ԱԳՆ լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ իննսուն րոպեանոց ֆիլմի ցուցադրությանը հաջորդել են քննարկումներ` կինոռեժիսոր Էրիկ Ֆրիդլերի և Դողան Ախանլիի մասնակցությամբ: Գերմանիայում բնակվող թուրք գրողը Հայոց Ցեղասպանության վերաբերյալ «Վերջին դատարանի դատավորները» (Dogan Akhanli, die Richter des Jüngsten Gerichts) գրքի հեղինակն է:

«Աղետ» ֆիլմը նկարահանվել է Հայոց Ցեղասպանության ականատեսների, Թուրքիայում ամերիկացի և եվրոպացի դիվանագետների (այդ թվում` Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Մորգենթաուի, Գերմանիայի դեսպան Մետտեռնիխի և այլոց), ինչպես նաև հումանիտար առաքելություններով այնտեղ գտնվածների հիշողությունների հիման վրա: Ֆիլմի ցուցադրումը նախատեսվում է նաև հեռուստատեսությամբ:

16.04.2011