Հայաստանը բացեց իմ մտահորիզոնը. գերմանացի նկարիչ

Հայաստանը բացեց իմ մտահորիզոնը: Այս մասին մեր գործընկեր «Արմեդիա» ՏՎԳ-ի հետ զրույցում նշել է գերմանացի երիտասարդ նկարիչ Շտեֆան Շվարցերը, ում՝ Հայաստանին նվիրված գծանկարների ցուցադրությունը նախօրին կայացավ Երևանում Գերմանիայի դեսպանատանը:

Նկարիչը 2015 թվականի հոկտեմբերին Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Արվեստի հիմնադրամի և Գերմանիայի արտգործնախարարության տրամադրած կրթաթոշակով ճամփորդել է Հայաստանում՝ գնալով գերմանացի նկարիչ Հայնրիխ Թեոդոր Վեհլեի հետքերով, որը, որպես գիտարշավի մասնակից, 19-րդ դարի սկզբին ռուսական ցարի հետ միասին եղել է Հայաստանում:

«Տպավորությունները շատ են, չեմ կարող դրանք բոլորը նկարագրել: Շատ տարբեր է կյանքը Գերմանիայում և այստեղ», – նշեց նկարիչը՝ հավելելով, որ ավելի շատ իրեն դուր են եկել մարդիկ և ուտելիքը: «Ինձ համար, որպես արտասահմանցի արվեստագետի, շատ կարևոր է շփվել մարդկանց հետ, և մարդիկ այստեղ իսկապես շատ ընկերասեր են», – նշեց Շվարցերը:

Նկարիչը Հայաստանում իր տեսածն ու բացահայտածը վավերագրել է բազմաթիվ գծանկարներում, որոնց մի մասն այժմ ցուցադրվում է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանությունում: Բացի բնապատկերներից Շվարցերի ուշադրությունը գրավել են նաև Երևանում կանգառման նշանները, որոնց նվիրված նկարների մի յուրօրինակ հավաքածու է ստեղծել նա:

Աղբյուրը՝ armedia.am