Բունդեսթագ. ինչպե՞ս են ընդունվում որոշումները

Բունդեսթագում հունիսի 2-ին ընդունվեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև:

Նշենք, որ օրենքի նախապատրաստման հիմնական աշխատանքները գերմանական խորհրդարանում իրականացնում են խորհրդարանական հանձնաժողովները, որոնց նիստերի ժամանակ առկա քաղաքական կամքը համաձայնեցվում է տվյալ ոլորտի գիտակ փորձագետների կարծիքի հետ: Համաձայնեցված օրինագիծը ներկայացվում է Բունդեսթագի քվեարկությանը:

Խորհրդարանականները քվեարկում են կանգնելու կամ ձեռք բարձրացնելու միջոցով: Արդյունքում կարող է լինել այնպես, որ քվեարկության արդյունքները լինեն ոչ միանշանակ կամ աշխատանքային նախագահությունում միասնություն չկա քվեարկության արդյունքների վերաբերյալ: Նման դեպքերում խորհրդարանականները լքում են նիստերի դահլիճը և կրկին մտնում են դահլիճ երեք դռներից մեկով՝ համապատասխան իրենց դիրքորոշման՝ «կողմ», «դեմ» կամ «ձեռնպահ»: Որոշումներն ընդունվում են ձայների մեծամասնությամբ:

Այժմ Բունդեսթագում ներկայացված են 5 կուսակցություն՝ իշխող կոալիցիա կազմող Քրիստոնեա-դեմոկրատական միությունը (255) և Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական միությունը (193), «Միություն 90»/Կանաչները (63), Ձախերի կուսակցությունը (64) և Բավարիայի քրիստոնեա-սոցիալական միությունը (56):

Բունդեսթագը Գերմանիայի դաշնային օրենսդիր մամինն է: Այն միապալատ է: Բունդեսթագի ընտրությունները տեղի են ունենում 4 տարին մեկ: Խորհրդարանի վաղաժամ լուծարումը հնարավոր է միայն բացառության կարգով, և մտնում է դաշնային նախագահի լիազորությունների մեջ:

Բունդեսթագի ընտրութունները տեղի են ունենում խառը համակարգով: Ընտրողներից յուրաքանչյուրը քվեարկում է երկու ցուցակով՝ մեծամասնական և համամասնական: Խորհրդարան են անցնում միայն այն կուսակցությունները, որոնք կա՛մ համամասնական ընտրակարգով ստացել են ընտրողների ձայների առնվազն 5 տոկոսը, կա՛մ հաղթել են առնվազն 3 միամանդատ շրջանում:

Բունդեսթագում կուսակցությունների մանդատների քանակը որոշվում է համամասնական ընտրակարգով ստացված ձայներին համապատասխան, ընդ որում՝ խորհրդարան են անցնում այն պատգամավորները, որոնք իրենց միամանդատ շրջաններում հաղթել են: Եթե միամանդատ շրջաններում հաղթածների թիվը քիչ է կուսակցության ստացած մանդատների քանակից, ապա մնացած խորհրդարանական մանտադները լրացվում են կուսակցական ցուցակի համաձայն: Եթե միամանդատ շրջաններում հաղթած կուսակցության թեկնածուները շատ են, քան կուսակցության ստացած մանդատները, ապա նման թեկնածուների համար հավելյալ մանդատներ են սահմանվում: Այժմ Բունդեսթագը բաղկացած է 631 պատգամավորից:

Բունդեսթագի իրավասությունների մեջ մտնում է օրենքների ընդունումը, դաշնային կանցլերի ընտրությունները և կառավարության գործունեության վերահսկողությունը: