Ինչու՞ են շվեյցարացիները դեմ առանց աշխատելու գումար ստանալուն

Շվեյցարացիները դեմ են արտահայտվել «պարտադիր հիմնական եկամուտ» ստանալուն: Նախօրեին կայացած հանրաքվեի ժամանակ շվեյցարացիների 78 տոկոսը դեմ է արտահայտվել մեծահասակների, այդ թվում՝ Շվեյցարիայում 5 և ավելի տարի ապրող օտարերկրացիների համար ամսական 2,5 հազար ֆրանկ (€2260) և անչափահասների համար՝ 625 ֆրանկ եկամուտ նախատեսող նախաձեռնությանը:

Հարկ է նշել, որ հանրաքվեի արդյունքները միանգամայն սպասել էին: Նախաձեռնության ձախողման մասին խոսում էին դրա մեկնարկից մինչ հանրաքվեի օրն անցկացված հասարակական կարծիքի բազմաթիվ հարցումները: Չնայած նախաձեռնության հեղինակների պնդումներին, որ այն կնպաստի մասնագիտական գործունեությունն ավելի լավ համատեղել ընտանեկան կյանքի հետ, ինչպես նաև լավ հնարավորություն է ստեղծագործական գործունեությամբ զբաղվելու կամ մասնագիտությունը փոխելու համար, շվեյցարացիների գերակշռող մեծամասնությունը համոզված է, որ նման փոփոխությունը կհանգեցնի ընդամենը նրան, որ մարդիկ կդադարեն աշխատել: Այստեղ հարկ է նշել, որ համաձայն նույն սոցհարցումների՝ երաշխավորված եկամտի մասին առաջարկության ընդունվելու դեպքում իրենց աշխատանքը մտադիր էին թողնել Շվեյցարիայի քաղաքացիների ընդամենը 2 տոկոսը, ևս 8 տոկոսը չէին բացառում նման հնարավորությունը: Հարկ է նշել, որ 2,5 հազար ֆրանկը Շվեյցարիայի համար բավականին համեստ գումար է. երկրում միջին աշխատավարձը կազմում է 6 հազար ֆրանկ:

Միևնույն ժամանակ հատկանշական է, որ հանրաքվեի արդյունքները բավականին ուրախալի էին երկրի կառավարության և գործարար շրջանակների համար, քանի որ նման օրենքի ընդունման դեպքում ապառնալիքի տակ կհայտնվեր Շվեյցարիայում գործող սոցիալական ապահովագրության համակարգը: Մասնավորապես նշվում է, որ ցածր եկամուտ ունեցող աշխատավորները կկորցնեին աշխատելու մոտիվացիան և կավելանար ստվերային զբաղվածությունը: Այս ամենի արդյունքում շվեյցարական տնտեսությունում տեղի կունենար հավասարակշռության խախտում և այն կկորցներ իր մրցունակությունը: Շվեյցարացի փորձագետների կարծիքով՝ այս հանրաքվեում հաղթեց իրատեսությունը: Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ երաշխավորված եկամուտ հատկացնելու վերաբերյալ նախաձեռնության հեղինակները նախօրեին կայացած հանրաքվեի արդյունքները բնավ պարտություն չեն համարում, քանի որ շվեյցարացիները ստիպված եղան մտածել այդ հարցի շուրջ, և, ըստ նրանց, այդ թեմայով հետագա հանրաքվեներն ավելի շատ աջակիցներ կունենան: