Եվրոպայի նախկին առաջնորդները. Ինչո՞վ են զբաղված նրանք այժմ

Կան մարդիկ, ում չեն մոռանում, եթե նույնիսկ շատ տարիներ ու տասնամյակներ են անցնում: Իսկ ի՞նչ են անում այժմ նրանք: Մեծ հեղինակություն ու ժողովրդականություն վայելող երբեմնի առաջնորդները … Արդյո՞ք նրանք շարունակում են մնալ քաղաքականության մեջ, թե՞ զբաղվում են մեկ ուրիշ գործով:

Մեր գործընկեր «Արմեդիա» ՏՎԳ-ն անդրադարձել է եվրոպական երեք խոշոր տերությունների՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի նախկին առաջնորդներին, ովքեր իրենց էստաֆետն են այսօր հանձնել Ֆրանսուա Օլանդին, Անգելա Մերկելին և Դեյվիդ Քեմերոնին:

Եվ այսպես, 2010 թվականի մայիսին, Դաունինգ Սթրիթ 10-ը լքելուց և վարչապետի պաշտոնից հրաժարական տալուց ընդամենը երկու օր անց լեյբորիստական ​​կուսակցության առաջնորդ Գորդոն Բրաունը հայտարարեց, որ մտադիր է մնալ խորհրդարանում և ծառայել որպես լեյբորիստների «բեքբենչեր»՝ շարքային պատգամավոր:

2011 թվականի ապրիլին ԶԼՄ-ները հաղորդագրություններ էին տարածում՝ իբրև Գորդոն Բրաունին նշանակելու են Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրեն՝ Դոմինիկ Ստրոս-Կանի թոշակի անցնելուց հետո: Բրաունի իրավահաջորդն ու ընդդիմության առաջնորդը՝ Էդ Միլիբենդը, աջակցում էր Բրաունին այդ դերի համար, իսկ ներկայիս վարչապետ Դեյվիդ Քեմերոնը բացարձակապես դեմ էր: Սակայն Ստրոս-Կանի սկանդալային կալանավորումից հետո նրա տեղը զբաղեցրեց Քրիստին Լագարդը:

2011 թվականի ապրիլին հայտարարվել էր, որ Բրաունը խորհրդատվական դեր կստանձնի Համաշխարհային տնտեսական ֆորումում: Նա մասնակցում էր բոլոր քննարկումներին ու բանավեճերին կապված համաշխարհային ֆինանսական ճգնաժամի և գլոբալիզացիայի խնդիրների հետ:

2012-ի հուլիսին Բրաունը Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Պան Գի Մունի կողմից նշանակվեց Գլոբալ կրթության հարցերում ՄԱԿ-ի հատուկ բանագնաց:

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին ընտրվել է ընդդիմադիր աջաթևյան «Միություն հանուն ժողովրդական շարժման» կուսակցության առաջնորդ՝ ազդարարելով իր վերադարձը մեծ քաղաքականություն, և այդպիսով սկսել է իր պայքարը Ֆրանսիայի 2017 թ.-ի նախագահական ընտրությունների համար:

Սակայն Սարկոզիի քաղաքական անցյալը դեռևս շարունակում է հետապնդել նրան: Նախկին նախագահն արդեն մեծապես քննադատվել է կրթական «բարեփոխումների» արդյունքում հրահրած զանգվածային բողոքի ցույցերի կապակցությամբ, ինչպես նաև կենսաթոշակային տարիքը բարձրացնելու, գնչու ժողովրդին արտաքսելու, և  Ֆրանսիան Լիբիայի հակամարտության մեջ ներքաշելու կապակցությամբ:

Բացի այդ, Սարկոզիի կարիերան զերծ չէր նաև ֆինանսական սկանդալներից: Նախագահ դառնալուց ընդամենը վեց ամիս անց նա բարձրացրել էր իր սեփական աշխատավարձը 140 տոկոսով: Թե՛ 2007 և թե՛ 2012 թվականի Սարկոզիի ընտրարշավները ներկայումս հետաքննության տակ են գտնվում, քանի որ դրանք ենթադրաբար ֆինանսավորվել են խարդախության ճանապարհով:

Սակայն, ըստ փորձագետների, քիչ հավանական է, որ այդ սկանդալները վնասեն Սարկոզիի մոտակա նախագահական քարոզարշավը:

Կանցլեր Գերհարդ Շրյոդերը գերմանացի կանցլերների շրջանում առավել հայտնիներից էր՝ անչափ խարիզմատիկ քաղաքական գործիչ, ով միշտ ավելի բարձր վարկանիշներ ուներ, քան Սոցիալ-դեմոկրատների իր մյուս համակուսակիցները:

Իսկ երբ արդեն Անգելա Մերկելն է ձևավորվում նոր կառավարություն, Գերհարդ Շրյոդերը աշխատանքի առաջարկ է ընդունում Nord Stream AG ընկերությունից, որի 51% բաժնեմասը պատկանում է Գազպրոմին: Նրա նախագահությունը բաժնետերերի խորհրդում առաջացրել էր մեծ սկանդալ, քանի որ Շրյոդերը բազմաթիվ որոշումներ էր կայացրել Հյուսիսային հոսք գազատարի հետ կապված, երբ դեռևս Գերմանիայի կանցլեր էր եղել:

Ուստի ընդունվելով աշխատանքի Գազպրոմում և հետագայում իսկական լոբբիստ դառնալով Ռուսաստանի համար՝ Գերհարդ Շրյոդերը ամենասիրված քաղաքական գործչից դարձավ գերմանացի ժողովրդի իսկական թշնամին:

Աղբյուրը՝ armedia.am