Բրիտանիայի և Եվրամիության բաժանումը կարող է «ցավոտ» լինել

Եվրոպանն այսօր կանգնեց նոր իրողության առջև, որն իր հետ կբերի մի շարք փոփոխություններ: Ինչպես ցանկացած քաղաքական գործընթաց, ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալը նույնպես, երկու կողմերի համար էլ պարունակելու է թե´ հնարվարություններ, թե´ մարտահրավերներ:

Մեծ Բրիտանիայի համար, անկախ նրանից, որ Brexit-ի նախաձեռնությունը և հանրաքվեի ելքն առավելապես տնտեսական հիմքեր ունեին, այս որոշումը քաղաքական մեծ կարևորություն է ունենալու: Առաջին հերթին, այն ազդելու է Միացյալ Թագավորության ներքին քաղաքական իրավիճակի վրա: Շոտլանդիայի և Հյուսիսայի Իռլանդիայի բնակչության մեծամասնությունը դեմ է քվեարկել ԵՄ-ն լքելուն և այսօր կրկին օրակարգային է դարձել Թագավորության կազմից նրանց դուրս գալու հարցը: Շոտլանդիայի անկախացման հանրաքվեի և քարոզարշավի ժամանակ Մեծ Բրիտանիայի կազմում մնալու օգտին հանդես եկողների հիմնական թեզերից մեկն անկախացման դեպքում Շոտլանդիայի՝ ԵՄ կազմից դուրս մնալու վտանգն էր: Իսկ այսօր, փաստացի, մնալով Թագավորության կազմում, Շոտլանդիան անկախ իր կամքից դուրս է գալու Միությունից:

ԵՄ-Մեծ Բրիտանիա հարաբերոթյունների համատեքստում այս որոշումը զրկում է Լոնդոնին ԵՄ որոշումների վրա ուղղակի ազդելու լծակներից, ինչը որոշ դեպքերում կարող է հանգեցնել Բրիտանիայի համար կարևոր հարցերում անցանկալի որոշումների: Չի բացառվում, իհարկե, որ որոշ ժամանակ անց ԵՄ կազմից դուրս տնտեսական իրական աճ գրանցելու և նախկինի համեմատ իրավիճակը բարելավելու պարագայում Բրիտանիայի ձայնը նույնիսկ ավելի լսելի կդառնա ԵՄ–ի համար: Սակայն, դա միայն հաջողելու դեպքում:

Ինչ վերաբերում է Եվրամիությանը, ապա սա, առաջին հերթին, հնարավոր դեինտեգրացիոն միտումների և նոր անջատումների ալիք կարող է առաջացնել՝ խթան դառնալով ԵՄ ընդհանուր քաղաքականությունից դժգոհ մյուս երկրների համար:

Բացի այդ, Մեծ Բրիտանիան, անկախ նրա՝ եվրոյի գոտում չլինելուց, բավական մեծ տնտեսություն է, որն իր մեծ դերն ուներ նաև Միության համար, և այսօր նրա անջատումը կարող է տնտեսական ցնցումների պատճառ դառնալ:

Բրիտանիայի դուրս գալը կարող է զգալիորեն թուլացնել քաղաքական հարցերում ուժային բևեռ դառնալու հավակնություններ ունեցող Եվրամիության դիրքերը՝ զուգահեռ հարված հասցնելով նաև հեղինակությանը: Արդեն այսօր  շատերը սկսեցին ԵՄ-ի մասին խոսել՝ որպես քայքայվող միության: Սա իր սուր դրսևորումները կարող է ստանալ հատկապես միգրացիոն ճգնաժամի և նրա ներքո ԵՄ ներքին խնդիրների համատեքստում:

Միաժամանակ, եթե ԵՄ-ին հաջողվի կոնսոլիդացնել իր ներուժն ու բանակցությունների միջոցով ապահովել ԵՄ-Բրիտանիա սերտ համագործակցություն՝ Բրիտանիայի հեռանալը կարող է անգամ որոշ հարցերում «հեշտացնել» ԵՄ-ի կյանքը: Սա առավելապես վերաբերում է որոշ սկզբունքային հարցերում Բրիտանիայի և ԵՄ մյուս երկրների միջև առկա անհամաձայնություններին և Լոնդոնի կողմից դրանց խոչընդոտմանը:

Եթե կողմերը կարողանան հաղթահարել ներքին ճգնաժամերն ու միաժամանակ առողջ համագործակցություն կառուցել, այս «բաժանումը» նրանց համար կարող է նույնիսկ նոր հնարավորություններ ստեղծել: Սակայն, առաջին փուլում, բնականաբար, վայրիվերումներն ու անորոշությունները բավական մեծ կլինեն և կայունացումը որոշ ժամանակ կպահանջի:

Աննա Կարապետյան,

“Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ վարչության անդամ