Հուսով ենք Ֆրանսիայի Սենատը կհաստատի Ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծը. Նալբանդյան

Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրինագիծը, որը միաձայն հաստատվել է Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից, ողջունելի է: Այս մասին ասել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Միանգամայն ողջունելի է Ֆրանսիայի կառավարության նախաձեռնած օրինագիծը, որը միաձայն հաստատվեց Ազգային ժողովի կողմից՝ որի համաձայն փոփոխություններ են մտցվում Ֆրանսիայի Հավասարության և քաղաքացիության օրենքի մեջ՝ քրեականացնելով ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների ժխտումը և, համապատասխանաբար, նաև՝ Հայոց ցեղասպանության ժխտումը», – ասել է Նալբանդյանը՝ պատասխանելով Հանրային հեռուստատեսության Առաջին լրատվական ծրագրի հարցին։

Նա հույս է հայտնել, որ Ֆրանսիայի Սենատը ևս կհաստատի այս նախագիծը, և այն կստանա օրենքի ուժ, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն:

«Այս քայլով Ֆրանսիան ևս մեկ կարևոր, արժեքավոր քայլ կկատարի ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման վեհ գործում», – նկատել է արտգործնախարարը: