ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալը կտևի մոտ 6 տարի

Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործընթացը կտևի մոտ 6 տարի: Ընդ որում, երկկողմ առևտրային գործարքների կնքումն այդ ընթացքում կարող է դժվարանալ: Նման կարծիք է հայտնել Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ֆիլիպ Համմոնդը:

«Եթե ապագայում Մեծ Բրիտանիայի և ԵՄ 27 անդամի միջև պայմանագիրը հայտնվի խառը իրավասության ներքո, հարկ կլինի, որ այն վավերացնեն բոլոր անդամ երկրների խորհրդարանները: Կարծում եմ, որ ամենասեղմ ժամկետը, որի ընթացքում դա հնարավոր կլինի անել, 4 տարին է, հաշվի առնելով բանակցությունների համար անհրաժեշտ ժամանակը»,-ասել է նա` ելույթ ունենալով համայնքների պալատում:

Նախարարը նշել է, որ ևս 2 տարի կպահանջվի Բրյուսելի հետ ԵՄ-ից դուրս գալու վերաբերյալ բանակցությունների համար: Ուստի, ըստ Համմոնդի, ընդհանուր առմամբ, ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործընթացը մոտ 6 տարի կտևի: Նա նաև հավելել է, որ Մեծ Բրիտանիան կարող է բարդություններ ունենալ երկկողմ համաձայնագրեր կնքելիս: