Հունաստանը Թուրքիային կհանձնի ապաստան խնդրող թուրք զինվորականներին

Հունաստանը հետ կվերադարձնի Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ իրականացրած և ուղղաթիռով հունական տարածք մտած զինվորներին: Ինչպես հաղորդում է թուրքական «Անադոլու «գործակալությունը, Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտնել է, որ Թուրքիայից Ալեքսանդրապոլիս եկած թուրք զինվորների վերադարձի գործընթացն արդեն սկսվել է:

Թուրքիայի վարչապետի գրասենյակից հայտնել են, որ Բինալի Յըդըրըմը հեռախոսազրույց է ունեցել Հունաստանի գործընկերոջ հետ:

Հուլիսի 16-ին Հունաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Թուրքիայում հեղաշրջում իրականացնելու փորձ ձեռնարկած յոթ թուրք զինվորի և մեկ քաղաքացիական անձի տեղափոխող ռազմական ուղղաթիռը վայրէջք է կատարել երկրի հյուսիս-արևելքում գտնվող Ալեքսանդրապոլիս քաղաքում: Ուղղաթիռի ուղևորները Հունաստանից ապաստան էին խնդրել: Նրանք ձերբակալվել են Հունաստանի տարածք ապօրինի մուտք գործելու համար: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն դեպքի հետ կապված հորդորել է Հունաստան փախած 8 անձանց անմիջապես հանձնել իրենց: