Իսպանիայի Ալիկանտե քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Իսպանիայի Ալիկանտե քաղաքի քաղաքային խորհուրդը պաշտոնապես ճանաչեց և դատապարտեց Հայոց ցեղասպանությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքէջից:

Քաղաքային խորհրդում տեղի ունեցած քննարկումների ընթացում ելույթներով հանդես եկան այնտեղ ներկայացված բոլոր կուսակցությունների ներկայացուցիչները, ովքեր իրենց խոսքում կարևորեցին Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, դրա կանխարգելիչ նշանակությունը: Մասնավորապես, «Կոմպրոմիս» քաղաքական խմբակցության ներկայացուցիչն իր խոսքում նշեց, որ խիստ կարևոր է մոռացության չմատնել հայերի դեմ կատարված ոճրագործությունը հատկապես այսօր, հաշվի առնելով, որ այն վայրերում, որտեղ իրականացվել է Հայոց ցեղասպանությունը, այժմ զանգվածային կերպով խախտվում են մարդու իրավունքներն ու վտանգվում հազարավոր մարդկանց կյանքեր:

Քվեարկությանը մասնակից քաղաքական ուժերի գերակշիռ մեծամասնությունը (PSOE, GUANYAR, COMPROMIS կուսակցությունները) քվեարկեց հօգուտ ինստիտուցիոնալ հայտարարության ընդունման:

Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հայտը ներկայացվել էր Ալիկանտեի «Հայաստան» ասոցացիայի կողմից: