Հայաստանում մեկնարկում է «Ֆրեսկո» միջազգային 3-րդ փառատոնը

Բացօթյա կինոդիտումներ, համերգներ ու ցուցահանդեսներ, մեկ տասնյակից ավելի միջազգային հյուրեր. արդեն 3-րդ անգամ մեկնարկում է «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային փառատոնը:

Օգոստոսի 19-ից 29-ը անցկացվող փառատոնի նպատակը հոգևոր ասելիք ունեցող համաշխարհային միջոցառումների և մշակութային նմուշների ցուցադրությունն է և դրանցում արծարծված հարցերի շուրջ առողջ և ազատ հանրային քննարկումների կազմակերպումը:

«Ֆրեսկո»-ն այս տարի սկսվում է մարզային ծրագրով: Օգոստոսի 19-ից 21-ը Հաղարծնի վանքային համալիրիում կանցկացվի միջազգային բացօթյա կինոճամբար: 100-ից ավելի մասնակիցներ ներկա կլինեն մշակութային տարբեր միջոցառումների: 

Փառատոնի երկրորդ հատվածը կանցկացվի Երևանում: «Ֆրեսկո»-ի շրջանակում նախատեսվում են 2 մեծ ցուցահանդես, որոնց պաշտոնական մեկնարկը կազդարարեն հեղինակների` Երուսաղեմի Սուրբ Հրեշտակապետաց Վանքի վանահայր հայր Ղևոնդ վարդապետ Հովհաննիսյանի և լուսանկարիչ Դմիտրի Բրիկմանի վարպետության դասերը:

Այս տարի «Ֆրեսկո»-ի ֆիլմացանկում ներառված են 22 երկրներից ներկայացված 76 կինոժապավեն, որոնցից հայկական են միայն 4-ը: Ֆիլմերի մրցութային ծրագրի ժյուրին հենց ինքը հանդիսատեսն է. յուրաքանչյուր ֆիլմի առաջին ցուցադրության ժամանակ կինոդիտման մասնակիցները նախապես պատրաստված թղթերի միջոցով կքվեարկեն իրենց նախընտրած ֆիլմի օգտին:

Օգոստոսի 26-ի և 27-ի երեկոյան Կարապի լճում կանցկացվեն բացօթյա կինոդիտում-քննարկումներ ֆիլմերի հեղինակների մասնակցությամբ, իսկ դրանց կնախորդեն համերգային ծրագրերը:

Օգոստոսի 26-ին նախատեսված է «Մրրոն և ընկերները» խորագրով ազգագրական համերգը, 27-ին Կարապի լճի բացօթյա բեմում «Ալեքսանդրապոլ Օրչեստրա» խումբն է, իսկ արդեն օգոստոսի 28-ին կանցկացվի փառատոնի պաշտոնական փակումն ազդարարող միջոցառումը: 

Հավատարիմ մնալով իր որդեգրած սոցիալական առաքելությանը` փառատոնը առանձնակի ուշադրություն է դարձնում հատուկ խմբերի մասնակցությանը փառատոնի բոլոր փուլերին, իսկ փառատոնի մրցանակները, ավանդույթի համաձայն պատրաստել են Խարբերդի մանկատան սաները:

Աղբյուրը՝ armedia.am