ԲԱՐՈՆՈՒՀԻ ՔՈՔՍԸ ՈԳԵՇՆՉՎԱԾ Է ԱՐՑԱԽԻ ԺՈՂՈՎՐԴԻ ՈԳՈՎ

«Մեզ համար շատ կարևոր է, որ մենք ոչ միայն Հայաստանում ենք, այլև մի վայրում, որը հիշատակում է Հայոց Ցեղասպանության զոհերին…Այցելեցինք Ցեղասպանության թանգարան, այն շատ հզոր թանգարան է և նույնպիսի հզոր տպավորություն է գործում այցելողի վրա»,- Ցեղասպանության զոհերի անմար կրակի մոտ սպիտակ մեխակներ դնելուց հետո ասաց Հայաստանի վաղեմի բարեկամ բարոնուհի Քերոլայն Քոքսը:

Հիշեցնենք, որ այս անգամ բարոնուհին մեր երկիր է ժամանել իր գործընկերների ուղեկցությամբ, որոնցից ոմանք առաջին անգամ էին Հայաստանում, այդ իսկ պատճառով այս այցը հենց բարոնուհին բավականին շատ է կարևորում. «Ինձ համար շատ հաճելի է, որ այսօր Հայաստանում ինձ հետ են և Լորդերի պալատի, և Համայնքների պալատի ներկայացուցիչները, ովքեր ներառված են բրիտանահայկական կուսակցական խմբում»,- ասաց նա ու ավելացրեց` նրանք հնարավորություն ունեն անձամբ տեսնել այս ամենը, ծանոթանալ հայ ժողովրդի պատմությանն ու հետևություններ անել:

Այսօր բրիտանական պատվիրակությունը մեկնելու է Լեռնային Ղարաբաղ:
71-րդ անգամ Հայաստանում գտնվող, գրեթե նույնչափ էլ Արցախ այցելած հայ ժողովրդի կողմից հարգված բրիտանուհին նշեց, թե միշտ մեծ ոգևորությամբ է լինում Լեռնային Ղարաբաղում ու միշտ ականատեսը լինում, թե ինչպես է ժողովուրդը, որ պայքարել է իր ազատության համար, ապրում լիարժեք կյանքով. «Մեզ ոգեշնչում է Արցախի ժողովրդի ոգին, որն ավերումից ու կործանումից հետո կառուցում է իր կյանքը , ավելին` կառուցում է ժողովրդավարություն»,- հավելեց նա:

Իսկ վերջում բարոնուհին հերթական անգամ հիշեցրեց, որ իր զգացմունքները միշտ հայ ժողովրդի հետ են. «Ես ձեր հետ միասին միշտ հիշում ու ողբում եմ 1915թ-ի ողբերգությունը»:

panorama.am

20.04.2011