ԵՄ-Ն ՍԱՏԱՐԵԼ Է ՖՐԱՆՍԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ

ԵՄ-ը հայտարարել է, թե Ֆրանսիայի որոշումը չընդունել ժամանակավորապես Իտալիայից ժամանող մարդատար գնացքները չի հակասում Շենգենյան համաձայնագրի դրույթներին, ինչի խախտման համար ավելի վաղ Ֆրանսիային մեղադրում էր Իտալիան:

«Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, ԵՄ ներքին գործերի հանձնակատար Սեսիլյա Մալմստիմը, մեկնաբանելով Փարիզի որոշումը, ասել է, թե այն հիմնավորված է հասարակական կարգի պահպանման նկատառումներով:

Հիշեցնենք, երեկ Ֆրանսիան փակել է իր երկաթուղին Իտալիայի հետ սահմանին` աֆրիկացի փախստականների հոսքը երկիր կանխելու նպատակով: Երկաթուղու փակման կապակցությամբ, Իտալիայի արտգործնախարարությունը բողոքի նոտա էր ներկայացրել Ֆրանսիացիներին՝ մեղադրելով նրանց Եվրամիության հիմնարար սկզբունքների խախտման համար:

Իտալիայի ներքին գործերի նախարար Ռոբերտո Մարոնին, իր հերթին, հայտարարել էր, թե Ֆրանսիայի գործողությունները Իտալիայի նկատմամբ «անհասկանալի» ու «անարդարացի» են: Ապրիլի սկզբին Իտալիայի իշխանությունները Հյուսիսային Աֆրիկայից, մասնավորապես Թունիսից, ժամանած հազարավոր փախստականների ազատ զբոսաշրջիկի կարգավիճակ էին տրամադրել, ինչը թույլ էր տվել վերջիններիս 6-ամսյա ժամկետով ազատ տեղաշարժվել Եվրոպայով:

Եվրակոմիսարը հայտարարել է, թե Ֆրանսիական իշխանությունները գործել են օրինականության սահմաններում: Իր հերթին, Ֆրանսիայի ՆԳ նախարար Կլոդ Գեանը նշել է, թե Ֆրանսիան հավատարիմ է Շենգենյան համաձայնագրի դրույթներին «մինչև վերջին ստորակետը»` որը իրավոըւնք է տալիս ազատ տեղաշարժվելու ԵՄ տարածքում միայն այն անձանց ովքեր ունեն անձը հաստատող վավեր փաստաթուղթ:

panorama.am

20.04.2011