Լյուքսեմբուրգը Եվրամիությանը կոչ է արել հեռացնել Հունգարիային կառույցի կազմից

Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասելբորնը կոչ է արել Հունգարիային հեռացնել Եվրամիության կազմից բլոկի արժեքներին նրա քաղաքականության անհամապատասխանության պատճառով, փոխանցում է Die Welt–ը։

«Մենք չենք կարող համակերպվել, որ ԵՄ հիմնարար արժեքները զանգվածաբար ոտնահարվում են»,- ասել է Ասսելբորնը։

Այն երկրները, որոնք Հունգարիայի նման պատերազմից փախչողների դեմ պատնեշներ են կառուցում, սահմանափակում են լրատվամիջոցների ազատությունն ու դատական իշխանության անկախությունը, պետք է ժամանակավորապես կամ ընդմիշտ հեռացվեն ԵՄ կազմից»,- ընդգծել է Ասելբորնը:

Նրա կարծիքով` երկիրը հեռու չէ «փախստականներին գնդակահարելուց», որոնք փորձում են հատել սահմանը:

Ասելբորնի խոսքով՝ ԵՄ–ից Հունգարիային ժամանակավոր կամ վերջնական հեռացնելը միակ հնարավորությունն է ԵՄ արժեքներն ու համախմբվածությունը պահպանելու համար։

Սրան ի պատասխան՝ Հունգարիայի արտգործնախարար Պիտեր Սզիջարտոն անմիջապես հայտարարել է, որ Ասելբորնը վաղուց արդեն չի պատկանում այն քաղաքական գործիչների թվին, ում կարելի է լուրջ ընդունել:

Իսկ Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Ուոլտեր Շտայնմայերն իր հերթին նշել է, որ ամենևին չի կիսում Լյուքսեմբուրգի դիրքորոշումը Հունգարիայի հարցում:

«Ես հասկանում եմ, որ ԵՄ որոշ անդամներ արդեն անհամբեր են դարձել այս ճգնաժամի ֆոնին, բայց նրանց կառույցի դուռը ցույց տալն իմ անձնական մոտեցումը չէ», – հայտնել է Շտայնմայերը:

Նշենք, որ օգոստոսի վերջին Բուդապեշտը հայտնել է Սերբիայի հետ սահմանին ցանկապատ կառուցելու պլանների մասին: Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտնել է, որ դա կարող է զսպել փախստականների հոսքը:

Բացի Հունգարիայից, սակայն, Ավստրիան ևս, որն ի սկզբանե Գերմանիայի պես կարեկցանք էր ցույց տալիս փախստականներին, հիմա աջակցում է իր արևելյան հարևանին՝ կոչ անելով հունգարական ոճի լուծում տալ միգրացիոն խնդրին:

Ինչևէ, ընդամենը մի քանի օրից՝ սեպտեմբերի 16-ին, Եվրամիության գագաթաժողով տեղի կունենա Բրատիսլավայում, Սլովակիայում: ԵՄ առաջնորդները կքննարկեն Եվրոպական Միության ապագան, որտեղ փախստականների ճգնաժամը կրկին կլինի գլխավոր թեմաներից մեկը: