Մոգերինին կոչ է անում ստորագրել Գլոբալ համաձայնագիր միգրացիայի պրոբլեմի լուծման համար

Աշխարհին նոր Գլոբալ համաձայնագիր է անհրաժեշտ, որով կերաշխավորվի միգրացիոն հոսքերի անվտանգությունը, կանոնավորությունը եւ համակարգվածությունը,- Նյու Յորքում տեղի ունեցած ՄԱԿ-ի Միգրացիայի գագաթնաժողովի ժամանակ նշել է Եվրամիության գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին, մասնավորապես ընդգծելով. «Եվրամիությունը վերջիվերջո իր խոսքն իրական գործի է վերածում»։

ԵՄ Գերագույն հանձնակատարն իր տեսակետը հիմնավորել է այն իրողությամբ, որ ԵՄ-ն դեռեւս Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներից ի վեր մշտապես բախվում է միգրացիոն մեծ հոսքերը համակարգելու խնդրին։ Մոգերինին նշել է, որ դա համաշխարհային նշանակության խնդիր է, եթե նկատի ունենանք այն, որ Աֆրիկայի եւ Ասիայի սահմաններին նույնպես առկա են միգրացիոն հսկայածավալ հոսքեր, որոնք նույնիսկ գերազանցում են դեպի Եվրոպա ձգվող միգրացիայի մասշտաբները։

Մոգերինին տեղեկացրել է Եվրամիության կատարած աշխատանքի մասին, մասնավորապես, սկսած 2015-ից, եվրոպական նավերը Միջերկրածովյան ավազանում ավելի քան 400 հազար մարդու կյանք են փրկել։ Թուրքիայում, Լիբանանում եւ Հորդանանում Եվրամիությունն ավելի քան կես միլիոն սիրիացի երեխաների օգնում է շարունակել դպրոցական ուսումը։

Մոգերինին մերժել է դիտարկումներն այն մասին, որ միգրացիան պայքար է Հյուսիսի եւ Հարավի միջեւ, առավել հարուստ եւ նոր զարգացող երկրների միջեւ։ «Մենք դրան չենք հավատում։ Եվրամիությունը հավատում է գործընկերության գաղափարին։ Մենք հավատում ենք, որ դա համընդհանուր խնդիր է, որը հնարավոր է լուծել միայն միասնական ջանքերով։ Այստեղ Հյուսիսի ու Հարավի հակամարտություն չկա։ Իրականում կա հսկայական ներուժ եւ խնդրի լուծման հնարավորություններ, որից կշահեն բոլոր կողմերը»։

«Հենց սրա համար էլ մեզ անհրաժեշտ է կնքել Գլոբալ համաձայնագիր։ Այս ասպարեզում ԵՄ-ն այժմ փորձարկում է խնդրի լուծման նոր գործիքներ եւ միանգամայն նոր մոտեցում»,- ասել է Ֆեդերիկա Մոգերինին։ (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն)