ԵՄ-ը և Կանադան ստորագրել են ազատ առևտրի մասին համաձայնագիրը

Եվրամիությունը և Կանադան ստորագրել են ազատ առևտրի մասին համաձայնագիրը, որով կողմերի միջև չեղարկվում են մաքսատուրքերի 99 տոկոսը: Ակնկալվում է, որ համաձայնագիրը հնարավորություն կտա տարեկան 12 միլիարդ դոլարով ավելացնել կողմերի միջև ապրանքաշրջանառությունը։

Ինչպես փոխանցում է Reuters գործակալությունը, համաձայնագիրը դեռ պետք է հաստատվի Եվրոպայի 40 ազգային և շրջանային խորհրդարանների կողմից ամբողջությամբ ուժի մեջ մտնելու համար:

Շուրջ 7 տարի տևած բանակցությունները փակուղի էին մտել այն բանից հետո, երբ Բելգիայի Վալոնիա շրջանն արգելափակեց գործարքը՝ պահանջելով պաշտպանական մեխանիզմների ուժեղացում, սպառողների իրավունքների նկատմամբ։ Նախորդ շաբաթ Բելգիայի վարչապետը հայտարարել էր, որ կողմերին հաջողվել է համաձայնության հասնել։