Մեծ Բրիտանիա․ կառավարությունը չի կարող սկսել «Brexit»ն՝ առանց խորհրդարանի հաստատման

Մեծ Բրիտանիայում Լոնդոնի Գերագույն դատարանը որոշել է, որ կառավարությունը չի կարող հայտարարել Լիսաբոնի համաձայնագրի 50-րդ հոդվածի կիրառման մասին, որը սահմանում է ԵՄ-ից երկրի դուրս գալը՝ առանց խորհրդարանի հաստատման։

Կառավարությունը, սակայն, պնդում էր, որ իրավունք ունի կայացնել այդպիսի որոշում՝ առանց պատգամավորների հետ խորհրդակցելու՝ հենվելով միայն հունիսին կայացած հանրաքվեի արդյունքների վրա։

Հայցը հարուցել են ձեռներեց Ջինա Միլլերը և վարսավիր Դեյր դոս Սանթոսը: Դատարանը բռնել է նրանց կողմը՝ վկայակոչելով Եվրամիության պայմանագրի տեքստը, որում ասված է, որ պետությունները կարող են դուրս գալ դրա կազմից «իրենց սահմանադրությունների պահանջներին համապատասխան»:

Մի շարք պատգամավորներ ու ակտիվիստներ իրենց հերթին կառավարության այսպիսի դիրքորոշումն անվանեցին հակասահմանադրական ու սկսեցին դատական գործընթաց։

Երկրի վարչապետ Թերեզա Մեյը պնդում էր, որ հանրաքվեի արդյունքները և նախարարական լիազորությունները բավարար են Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածն ակտիվացնելու և ԵՄ-ից դուրս գալու ընթացակարգն սկսելու համար՝ առանց խորհրդարանի հետ կոնսուլտացիաների: Սակայն, դատարանը վճռել է, որ դա չի համապատասխանում երկրի օրենսդրությանը:

Դատարանի կայացրած որոշումից հետո, սակայն, կառավարությունը մտադիր է վիճարկել այն դեկտեմբերի սկզբին։

Մեծ Բրիտանիայի արտաքին առևտրի նախարար Լիամ Ֆոքսի խոսքով՝ երկրի կառավարությունը հիասթափված է Լոնդոնի Գերագույն դատարանի ընդունած վճռից։

«Երկիրը կողմ է քվերակել ԵՄ-ի կազմից դուրս գալուն։ Կառավարությունը մտադիր է հարգել հանրաքվեի արդյունքները»,-ասել է նա։

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն, իր հերթին, երեկ Բեռլինում առաջատար տնտեսագետների հետ կայացած հանդիպմանը հայտարարել է, որ Եվրամիությանն անհրաժեշտ Է կանխել համագործակցությունից երկրների դուրս գալը այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիան որոշեց լքել ԵՄ-ն:

«Մնացած 27 երկրներին անհրաժեշտ Է միասին պահել»,-ասել Է նա՝ ընդգծելով, որ ապագա համագործակցության ձևաչափի շուրջ Լոնդոնի հետ բանակցություններում անհրաժեշտ Է պահպանել «բարեկամական հարաբերություններ, որ տնտեսությունը հնարավորինս քիչ կորուստներ կրի»:

Մերկելը կրկին ընդգծել Է, որ Մեծ Բրիտանիայի հետ խորհրդատվության ժամանակ ԵՄ-ն պնդելու Է հանգուցային ազատությունների պահպանումը:

«Դա լինելու Է բանակցությունների հիմքը, բայց նախ հարկավոր Է սպասել, մինչև որ Բրիտանիան կակտիվացնի Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածը»,- եզրափակել է կանցլերը: