Իտալիայի արտգործնախարարի այցը Հարավային Կովկաս մեկնարկել է

Իտալիայի արտգործնախարար Պաոլո Ջենտիլոնիի այցը Հարավային Կովկաս մեկնարկել է:

Կիրակի երեկոյան իտալացի նախարարը ժամանել է Թբիլիսի, որտեղ նա անցկացնում է բարձր մակարդակի մի շարք երկկողմ հանդիպումներ, որից հետո կմեկնի Ադրբեջան, այնուհետև կժամանի Հայաստան:

Նոյեմբերի 8-ին Պաոլո Ջենտիլոնին կայցելի Հայաստան: ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ նախարար Ջենտիլոնիին կընդունի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Նախատեսված է Պաոլո Ջենտիլոնիի հանդիպումը վարչապետ Կարեն Կարապետյանի հետ:

Նույն օրը կկայանան Էդվարդ Նալբանդյանի և Պաոլո Ջենտիլոնիի բանակցությունները։ Նախարարները կստորագրեն Հայաստանում մշակութային ժառանգության պահպանման և վերականգնման տարածաշրջանային կենտրոն հիմնելու մասին համատեղ հայտարարությունը:

Հանդիպման արդյունքները կամփոփվեն համատեղ մամուլի ասուլիսով:

07.11.2016