Թուրքիայի նկատմամբ ԵՄ պատժամիջոցներն իրատեսակա՞ն են

Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Ժան Ասսելբորնը չի բացառել, որ Եվրամիությունը կարող է տնտեսական պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ։ Նրա խոսքով՝ Էրդողանն իր քաղաքականությամբ անտեսել է օրենքի գերակայությունը, ինչն անթույլատրելի է մի երկրի համար, որը ցանկանում է դառնալ ԵՄ անդամ։ Ասսելբորնը նշել է, որ Թուրքիայի արտահանման 50 տոկոսը բաժին է ընկնում ԵՄ երկրներին, իսկ երկրում ներդրումների 60 տոկոսը գալիս է ԵՄ-ից։ «Սա ճնշում գործադրելու անսահմանափակ միջոց է և որոշակի պահի մենք կարող ենք օգտվել այդ միջոցից»,- հայտարարել է նա։

Նշենք, որ վերջին շրջանում սա առաջին դեպքը չէ, երբ եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաները հանդես են գալիս Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու առաջարկությամբ: Նման առաջարկ արել էին նաև Գերմանիայի խորհրդարանի պատգամավորներն՝ ընդգծելով, որ Եվրոպան պետք է պատասխանի Թուրքիայում տիրող իրավիճակին: Ավստրիայի ԱԳ նախարարն իր հերթին հայտարարել էր, որ պետք է դադարեցվեն Թուրքիայի հետ ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները, քանի որ Էրդողանը արդեն վաղուց հատել է կարմիր գիծը:

Եվրահանձնաժողովի կողմից նոյեմբերի 9-ին ներկայացվելիք Առաջընթացի զեկույցը մինչ օրս հրապարակված զեկույցներից ամենաբացասական գնահատականներն է պարունակում Թուրքիայի համար, գրում է գերմանական Frankfurter Allgemeine Sonntagszeitung (FAS) շաբաթաթերթը: Եվրահանձնաժողովի փորձագետները մասնավորապես նշում են, որ Թուրքիան «ընտրովի և կամային» կիրառում է ազգային անվտանգության և ահաբեկչության դեմ պայքարի մասին օրենքները։ Թուրքիայում ընդդիմադիր քրդական Ժողովուրդների դեմոկրատիա կուսակցության պատգամավորների, այդ թվում նաև կուսակցության առաջնորդների ձերբակալությունը Եվրոպայի համար միանգամայն շոկային էր:

Այս զեկույցով, ինչպես նաև եվրոպացի պաշտոնյաների հայտարարություններից պարզ է դառնում ԵՄ-ից մինչև այս տարվա վերջ Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմի ազատականացում ստանալու Անկարայի ակնկալիքները չեն արդարացվի: Ակնհայտորեն Բրյուսելը նույնիսկ միգրացիոն գործարքի չեղարկման սպառնալիքով, այժմ չի կարող նման իմիջային հարված կրել՝ խորացնելով հարաբերությունները նման բռնապետական ռեժիմի հետ:

Այս ֆոնին Թուրքիայի նախագահ Ռեջեփ թայիփ էրդողանը հայտարարել է, որ վերջին երեք տարիների իրադարձությունների ֆոնին Թուրքիան փոխել է իր հայացքը տեղի ունեցողի հանդեպ և նախանշել իր համար նոր ուղի՝ այսօր Թուրքիայի համար արդեն կարևոր չէ, թե ինչ կասեն մյուսները։ «Մենք ինքներս կլուծենք մեր խնդիրները», – նշել է նախագահը։

Նշենք, որ Անկարային մինչ այդ էլ առանձնապես չէր հետաքրքրում իր ներքին քաղաքականության հարցում միջազգային հանրության կարծիքը: Էրդողանի այս հայտարարությունն ավելի շատ ուղղված է ներքին լսարանին. երկրում վտանգավոր զարգացումների, օրեցօր ավելի լայն ծավալներ ընդունող բռնաճնշումների պայմաններում թուրքական իշխանությունները ցանկանում էին ԵՄ-ից վիզային ռեժիմի չեղարկումը քաղաքացիներին ներկայացնել որպես լուրջ քաղաքական հաղթանակ, սակայն այժմ Էրդողանը թուրքերի համար որևէ սփոփանք չունի, ուստի դիմում է նման հայտարարությունների: Գործնական քայլերն, ինչպես հասկանում ենք Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարի հայտարարությունից լուրջ տնտեսական դժվարություններ կստեղծի Անկարայի համար:

Ինչ վերաբերում է Թուրքիայի դեմ ԵՄ հնարավոր պատժամիջոցներին, փորձագետների կարծիքով դրանք քիչ հավանական են. ֆինանսական և քաղաքական ճգնաժամում հայտնված Եվրոպայի համար Թուրքիայի հետ միգրացիոն գործարքի չեղարկումը լուրջ խնդիրներ կստեղծի: Եվրոպայում այդքան էլ հետաքրքրված չեն Թուրքիայի հետ գործնական հարաբերությունների չեղարկմամբ, ուստի հերթական անգամ Եվրոպան ևս կսահմանափակի ուղղակի հայտարարություններով: