«Աջակցություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ծրագիր. արդյունքները, քաղված դասերը և հեռանկարները

Նոյեմբերի 7-ին Երևանում տեղի ունեցավ «Աջակցություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ծրագրի 2015թ. հոկտեմբեր – 2016թ. հոկտեմբեր ժամանակահատվածի ընթացքում իրականացված գործունեության և ենթադրամաշնորհային նախագծի մեթոդաբանության ներկայացմանը նվիրված միջոցառումը: Միջոցառմանը ներկա էին Ծրագրի կարողությունների զարգացման նախագծում ընդգրկված երևանյան և մարզային ՔՀԿ-ների, միջազգային կազմակերպությունների, դեսպանությունների և Հայաստանում Եվրոպական պատվիրակության ներկայացուցիչներ: Միջոցառման բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին և Պոդլասկայի շրջանային զարգացման հիմնադրամի նախագահ Անդրեյ Պարաֆինյուկը:

Իր բացման խոսքում Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին նշեց. «Իմ ներկայությունն այստեղ շատ պարզ պատճառ ունի. այս ծրագիրը շատ կարևոր է Եվրոպական միության համար: Մեզ համար շատ կարևոր է հզորացնել հատկապես քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, որպեսզի դրանք կարողանան ավելի ակտիվ մասնակցություն ունենալ հասարակական կյանքում: Առաջիկա ամսվա ընթացքում մեր առաջնահերթությունը մարզերին և մարզերի քաղաքացիական հասարակությանն աջակցելն է: Եվ այս ծրագիրը կօգնի մեզ այդ հարցում»:

Միջոցառման ընթացքում «Աջակցություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ծրագրի ղեկավար Յարոսլավ Զարիխտան և ծրագրի կարողությունների զարգացման համակարգող Իռեն Դանիելյանը մասնակիցներին ներկայացրեցին ծրագրի գործունեությունը: Պարոն Յարոսլավ Զարիխտան ամփոփ ներկայացրեց ծրագիրը` նպատակները, խնդիրները, արդյունքները և ծրագրի ժամանակացույցը: Իռեն Դանիելյանը ներկայացրեց ծրագրի կողմից իրականացված գործունեությունը և հիմնական ձեռքբերումները, ինչպես նաև խոսեց ծրագրի առաջիկա գործողությունների մասին: Ծրագրի ենթադրամաշնորհային նախագծի մոտեցմանը և մեթոդաբանությանը անդրադարձան ծրագրի դրամաշնորհային նախագծի ղեկավար Անդրեյ Պարաֆինյուկը և ծրագրի դրամաշնորհային նախագծի մշակման մասնագետ Զորան Կրտինիչը: Իր ելույթում պարոն Անդրեյ Պարաֆինյուկը ընդգծեց ենթադրամաշնորհային նախագծին վերաբերող հիմնական տարրերը` ծրագրերի իրականացման հմտությունների և կարողությունների կարևորությունը և գործընկերություններով աշխատելու անհրաժեշտությունը, համագործակցության առավելություններն ու վտանգները, թույլ կողմերը և վերջիններից խուսափելու եղանակները: Միջոցառման 2-րդ հատվածում ներկաները ներգրավվեցին խմբային աշխատանքում, որի նպատակն էր ՔՀԿ- ներին տալ հնարավորություն գտնելու համագործակցության ընդհանուր ուղիներ հետագայում համատեղ ծրագրեր իրականացնելու կամ կոնսորցիումների ձևով հանդես գալու համար:

«Աջակցություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ծրագրի նպատակն է զարգացնել Հայաստանում ՔՀԿ-ների կարողությունները՝ որպես երկրում զարգացում ապահովող անկախ մարմիններ` նրանց դարձնելով առավել բանիմաց, քաղաքացիների կարիքներին արձագանքող, և ակտիվորեն աջակցել երկրի զարգացմանը գործնական, ծրագրային մոտեցումների միջոցով: Ծրագիրը կենտրոնանում է 3 հիմնական նպատակների վրա` զարգացնել կազմակերպությունների ներքին կարողությունները, արտաքին կարողությունները և զարգացնել կազմակերպությունների կարողությունները ԵՄ ծրագրերին դիմելու և իրականացնելու համար: Ծրագրի իրականացման ժամկետը երեք տարի է: