Երբ աշխատավայրը դառնում է երկրորդ տուն. մեր «ընտանիքը» 14 տարեկան է…

Ասում են՝ երջանիկ լինելու համար կարևոր է ունենալ ամուր ընտանիք և սիրելի աշխատանք: Սակայն կրկնակի երջանկություն է, երբ աշխատավայրը տալիս է երկրորդ տան զգացողություն, իսկ աշխատանքային կոլեկտիվը դառնում է երկրորդ ընտանիք: Երբ աշխատավայրում յուրաքանչյուրը ոչ միայն գնահատված է զգում իրեն, այլև շրջապատված է այնպիսի մարդկանցով, ովքեր կիսում են միևնույն արժեքները և պատրաստ են ցանկացած հարցում միմյանց աջակցել: Կրկնակի երջանկություն է, երբ ամեն անգամ որոշ ժամանակով աշխատանքից բացակայելուց հետո, կա շտապողականություն վերադառնալ մի միջավայր, որտեղ քեզ սպասում են…

Եվ այս ամենը գալիս է ապացուցելու, որ ցանկացած կազմակերպություն արժևորվում է, երևի թե, առաջին հերթին իր թիմով:

Նոյեմբերի 14-ին մեր «ընտանիքը» դարձավ 14 տարեկան:

Յուրաքանչյուր տարեդարձ լավ առիթ է հետադարձ հայացք գցելու անցած ճանապարհին, վերարժևորելու առկա ձեռքբերումները, խորհելու ունեցած բացթողումների շուրջ և հստակեցնելու ապագայի տեսլականը: Մեր անցած ճանապարհը, առկա ձեռքբերումները, բացթողումներից քաղած դասերը և ապագայի հետ կապված ծրագրերն իրական չէին լինի, եթե չլինեին այն անհատներն ու  կազմակերպությունները, որոնք այս տարիների ընթացքում եղել են մեր կողքին:

«Եվրոպական ինտեգրացիա»-ի տարեդարձի առթիվ ջերմորեն շնորհավորում և մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում կազմակերպության  հիմնադիրներին, նախկին և ներկա անդամներին, բոլոր գործընկերներին և բոլոր-բոլորին, ում միացյալ ջանքերով մեր 14 տարիների համատեղ ուղին դարձել է իրական:

«Եվրոպական ինտեգրացիա» թիմ