ՀՀ գիտահետազոտական կազմակերպություններն իրենց մասնակցությունը կունենան համաշխարհային մակարդակի հետազոտական ծրագրերում

Image result for horizon 2020

Երևանում նոյեմբերի 17-ին մեկնարկել է Արևելյան գործընկերության 8-րդ ոչ պաշտոնական նախարարական երկխոսության ձևաչափով հանդիպումը՝ նվիրված հետազոտության, գիտության և նորարարության հարցերին:

Հանդիպման մասնակիցները անդրադարձել են «Հորիզոն- 2020» հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագրին, որի անդամ է նաև Հայաստանի Հանրապետությունը: Ծրագիրը հնարավորություն է տալիս մեր գիտահետազոտական կազմակերպություններին ու բուհերին  իրենց մասնակցությունն ունենալ համաշխարհային մակարդակի գիտական և գիտատեխնիկական հետազոտություններում:

Ծրագիրն իրականացվում է 2014 թվականից և շարունակվելու է մինչև 2020 թվականը: Նպատակն է խարախուսել և ֆինանսավորել համաշխարհային մակարդակի գիտական հետազոտությունների իրականացումը, զարգացնել հետազոտական ենթակառուցվածքներն, աջակցել նորարարական նախաձեռնություններին: Ծրագրին կարող են դիմել անդամ երկրների համալսարանները, գիտական ձեռնարկությունները, նաև անհատներ և նույն գաղափարի շուրջ միավորված անձինք: Առաջարկները գնահատում է անկախ փորձագիտական հանձնաժողովը:

«Սկսնակ ծրագրի խթանման օրինակ բերեմ: Կարող եք լրացնել մեր կայքում տեղադրված 10-էջանոց փաստաթուղթը՝ շարադրելով ձեր գաղափարը: Եթե այն դրական գնահատականի արժանանա, կտրվի մինչև 50 հազար եվրո դրամաշնորհ: Եթե 2 տարում գաղափարը դառնա ձեռնարկություն, որը կլինի ինքնաբավ, խոստումնալից ու նորարար, կտրվի արդն 2-3 միլիոն եվրո»,- նշում է Հետազոտության, գիտության և նորարարության ԵՄ հանձնակատար Կարլոս Մոեդաշը:

Հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Յանը նշել է, որ նաև «Հորիզոն 2020»-ի օգնությամբ են փորձում Արևելյան գործընկերության երկրները կապել Եվրամիությանը: Ծրագրին մասնակցում են նաև Եվրամիությանը չանդամակցող երկրները, որովհետև, ըստ նրա`գիտությունը պետք է սահմաններ չունենա:

«Ամենակարևորը՝ աջակցել տնտեսության զարգացմանը, իսկ դա հնարավոր է որակյալ աշխատուժի առկայության դեպքում: Պետք է լինեն որակյալ գիտնականներ և ժամանակակից սարքավորումներ: Մենք պետք է օգտվենք գիտահետազոտական աշխատանքների և նորարարության առկա ներուժից, և անենք ավելին: Մեր գերակայություններից մեկն այն է, որ ուղեղների արտահոսքը վերածենք ուղեղների շրջանառության»,- ասում է Հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը: