Մեկնարկել է «Երիտասարդության հարթակ» ծրագրի հերթական փուլը

Նոյեմբերի 18-ին մեկնարկել է «Երիտասարդության հարթակ» ծրագրի հերթական փուլը: Ծրագրի ընտրված մասնակիցների հետ հանդիպել է «Եվրոպական Ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը:

Առաջին հանդիպման ընթացքում ներկայացվել է ծրագրի էությունը, ապագա ծրագրերը: Բացի այդ, կարճ դասախոսության ընթացքում քննարկվել են Ղարաբաղյան հակամարտությանն առնչվող մի շարք հարցեր, Բեքարյանը պատասխանել է մասնակիցներին հուզող հարցերին:

Հաջորդ հանդիպումների ընթացքում նախատեսվում է անդրադարձ կատարել ՀՀ ինտեգրացիոն գործընթացներին, անմիջական հարևանների հետ հարաբերություններին, ինչպես նաև սիրիական հակամարտությանը:

«Երիտասարդության հարթակ» ծրագիրը թրեյնինգ-քննարկումների շարք է երիտասարդ մասնագետների (քաղաքագետների, միջազգայնագետների, տնտեսագետների, լրագրողների) համար: Սա յուրահատուկ հարթակ է, որտեղ երիտասարդները ոլորտային մասնագետների հետ միասին քննարկում են ՀՀ արտաքին քաղաքականությանն առնչվող արդի և կարևոր խնդիրները, գիտելիքներ ստանում հարևան երկրների, ՀՀ արտաքին քաղաքականության գերակայություն հանդիսացող հարցերի, միջազգային գործընթացների մասին: Այս ամենը զուգակցվում է անհատական և թիմային աշխատանքով, սեփական կարծիքի արտահայտմամբ ու  հին խնդիրներին նոր լուծումներ առաջարկելով: