Ինչո՞ւ ձախողվեցին Կիպրոսի շուրջ բանակցությունները

Վերջին մի քանի օրվա ընթացքում Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը Կիպրոսի թուրքական հատվածի առաջնորդ Մուստաֆա Աքինջիի հետ Շվեյցարիայում ակտիվ բանակցություններ է վարում Կիպրոսի հարցով (բանակցման այս փուլը սկսվել է 17 ամիս առաջ): Թվում էր, որ առաջնորդները մոտ էին համաձայնությանը, երբ ՄԱԿ-ի մամլո խոսնակը Կիպրոսում՝ Ալիմ Սիդիքը, հանդես եկավ հայտարարությամբ՝ հայտարարելով, որ. «Չնայած իրենց բոլոր ջանքերին, ղեկավարները չկարողացան հասնել տարածքային ճշգրտման անհրաժեշտ չափորոշիչներին, որը ճանապարհ կհարթեր բանակցությունների վերջին փուլի համար»:

Ի՞նչ է նշանակում «տարածքային ճշգրտում» և ինչպե՞ս են երկու կողմերի դիրքորոշումները բախվում: Կողմերը համաձայն չեն տարածքի տոկոսային այն բաժանմանը, որը պետք է մնա Կիպրոսի թուրքական հատվածի իրավասության տակ: Ըստ գերմանական Deutsche Welle-ի տեղեկության՝ Աքինջին պահանջում է կղզու 29,2 տոկոսը, իսկ կիպրոսցի հույներն առաջարկում են 28 տոկոսը: Բացի այդ, ինչպես նշում է New Europe կայքը, կան մի շարք տարաձայնություններ կոնկրետ քաղաքների և գյուղերի հետ կապված: Երկու կողմերն էլ, համաձայն Euroactive-ի, կարմիր գիծ են գծում, երբ խոսքը վերաբերում է Մորֆուի վերադարձին՝ մի քաղաք հյուսիս-արևմտյան Կիպրոսում, որը դե-ֆակտո գտնվում է Հյուսիսային Կիպրոսի վերահսկողության տակ:

Ինչպես հայտնի է, կղզին բաժանվեց երկու մասի, երբ 1974 թ. Թուրքական զորքերը մտան կղզու հյուսիսային մասը:

Մեկ այլ խնդիր է փախստականների թիվը: Կիպրոսի հունական կողմը ցանկանում է 80,000- 90,000 փախստականներին վերադարձի հնարավորություն տրվի, այն դեպքում, երբ թուրքական կողմը փորձում է նվազեցնել այդ թիվը 70.000 – 75,000-ի:

Մեկ այլ լուրջ խնդիր վերաբերում է, այսպես կոչված, Կիպրոսի երաշխիքին (Թուրքիան փորձում է վերադառնալ 1960 թ. –ի Պայմանագրի երաշխիքներին Կիպրոսի Հանրապետության, Հունաստանի, Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի միջև, որոնք արդարացնում են թուրքական ներխուժումը Կիպրոս): Սա բնականաբար խստագույն հակադրության է հանդիպում Հունաստանի կողմից:

Սրանք են այն հիմնական հարցերը, որ ձախողել են բանակցությունների ներկայիս փուլը և որի վրա հունական և թուրքական Կիպրոսի առաջնորդները պետք է դեռ շատ գլուխ ջարդեն: