«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրները բաց նամակ են հղել Բան Կի-Մունին

Նոյեմբերի 30-ին ՄԱԿ-ի հիմնադրամը և Նյու Յորքի Կարնեգի կորպորացիան կազմակերպել են ընդունելություն՝ մեծարելու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունին, ում պաշտոնավարումն ավարտվելու է այս տարվա դեկտեմբերի 31-ին: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներ Վարդան Գրեգորյանը, Նուբար Աֆեյանը և Ռուբեն Վարդանյանը բաց նամակով իրենց երախտագիտությունն են հայտնել Բան Կի-Մունին.

«Հարգելի գլխավոր քարտուղար Բան Կի-Մուն,

«Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի անունից հայտնում ենք մեր երախտագիտությունը` աշխարհի առավել կարիքավոր մարդկանց մասին իրազեկման բարձրացման և աջակցության գործում Ձեր հաստատակամ նվիրվածության համար:

Մենք գնահատում ենք Ձեր՝ մարդկության ամենահրատապ մարտահրավերները դիմագրավելու գործողությունները համախմբելու և խթանելու ջանքերը: Անպաշտպաններին աջակցելու Ձեր գործունեության շնորհիվ Դուք կյանքի եք կոչում «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի ոգին, որը փառաբանում է այն մարդկանց, որոնք վտանգի տակ են դնում իրենց կյանքն այլոց փրկելու համար: Ձեր պաշտոնավարման ընթացքում Դուք, հավատարիմ մնալով ՄԱԿ-ն առաջընթացի բարձրակետ դարձնելու Ձեր նպատակին, հասել եք նշանակալի արդյունքների՝ հատկապես կանանց, երեխաներին և կարիքավորներին աջակցելու ուղղությամբ:

Մասնավորապես, մենք երախտագիտություն ենք հայտնում անցյալի դասերն ապագայում գիտակցված որոշումների և գործողությունների վերածելու Ձեր նվիրվածության համար: «Ավրորա» ամենամյա մրցանակը տրվում է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների: Ուստի, մենք շնորհակալ ենք դեկտեմբերի 9-ը՝ «Ցեղասպանության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ ոճիրի կանխարգելման միջազգային օր» ճանաչելու վերաբերյալ բանաձևը վավերացնելու համար: Մենք շնորհակալ ենք, որ բանաձևը ճանաչում է, որ ցեղասպանության կանխարգելումը շարունակում է մնալ հատուկ պարտավորություն ժամանակակից միջազգային իրավունքի շրջանակում: Ձեր աշխատանքի շնորհիվ է, որ դեկտեմբերի 9-ն ամեն տարի միջազգային հանրության համար ունի հատուկ կարևորություն՝ բարձրացնելու Ցեղասպանության հռչակագրի մասին իրազեկվածությունը, դրա դերը ցեղասպանության ոճիրի դեմ պայքարի և կանխարգելման, ինչպես նաև այսօր և պատմության ընթացքում զանգվածային բռնությունների զոհերի հիշատակի համար:

Հաշվի առնելով, որ Ձեր պաշտոնավարումն ավարտվում է, միանալով աշխարհում բազում մարդկանց, մենք շնորհակալություն ենք հայտնում հանրությանը ծառայելու Ձեր նվիրվածության համար: Հուսով ենք, որ մենք էլ կունենանք դեր Ձեր ժառանգությունը շարունակելու գործում:

Խորին հարգանքով՝

Նուբար Աֆեյան

Վարդան Գրեգորյան

Ռուբեն Վարդանյան

«Ավրորա» մարդասիրական մրցանակի համահիմնադիրներ»

01.12.2016