ՀՀ կմիանա ԵՄ միասնական ավիացիոն գոտուն և կօգտվի 500 միլիոն բնակչություն ունեցող շուկայի սպասարկման հնարավորությունից

ՀՀ կմիանա ԵՄ միասնական ավիացիոն գոտուն, ինչի արդյունքում, համաձայնագրի կողմերը փոխադարձաբար կազատականացնեն շուկան՝ ավիաընկերություններին ընձեռելով հնարավորություն առանց սահմանափակումների շահագործել երթուղիները և, հետևաբար, օգտվել ոչ խտրական, հավասար պայմաններում շուրջ 500 միլիոն բնակչություն ունեցող շուկայի սպասարկման լայն հնարավորությունից: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը՝ մեկնաբանելով  «Միասնական ավիացիոն գոտու մասին» համաձայնագրի շուրջ ՀՀ-ԵՄ բանակցությունները:

Հիշեցնենք, որ սույն թվականի դեկտեմբերի 1-ին Եվրոպական խորհրդի կողմից Եվրոպական հանձնաժողովին տրամադրվել էր մանդատ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև «Միասնական ավիացիոն գոտու մասին» համաձայնագրի շուրջ բանակցություններ վարելու համար ։

«2013 թվականին՝ «Բաց երկնքի» քաղաքականության ընդունումից հետո, ՀՀ ավիացիոն իշխանությունների կողմից լայնածավալ աշխատանքներ սկսվեցին միջազգային հարթակներում՝ ՀՀ շուկայի նոր հնարավորությունների ներկայացման և նոր քաղաքականության իրականացման նպատակով:

Դեռևս 2 տարի առաջ ՀՀ-ի՝ ԵՄ միասնական ավիացիոն գոտուն միանալու շուրջ ոչ պաշտոնական քննարկումներ սկսեցին ԵՄ գործընկերների հետ, որոնց արդյունքում՝ 2015 թվականի փետրվարի 5-6-ը տեղի ունեցավ Եվրոպական հանձնաժողովի Շարժունակության և տրանսպորտի հարցերով Գլխավոր տնօրինության (DGMOVE) ներկայացուցիչների փաստահավաք առաքելությունը Հայաստանի Հանրապետություն, իսկ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի հունիսի 23-ի թիվ 521-Ա որոշմամբ ստեղծվեց աշխատանքային-բանակցային խումբ՝ Սերգեյ Ավետիսյանի գլխավորությամբ, Բրյուսելում մի շարք աշխատանքային քննարկումներ եղան պայմանագրի բանակցման և կնքման շուրջ:

Արդյունքում՝ սույն թվականի դեկտեմբերի 1-ին Եվրոպական խորհրդի կողմից Եվրոպական հանձնաժողովին տրվեց ՀՀ հետ պաշտոնական բանակցություններ վարելու մանդատ:

Առաջիկայում նախատեսվում է ձևավորել ԵՄ և ՀՀ բանակցային խմբեր և անցնել պաշտոնական բանակցությունների փուլին, որի շրջանակում կքննարկվի և կհամաձայնեցվի համաձայնագրի տեքստը, որից հետո տեղի կունենա համաձայնագրի ստորագրումը:

Նախատեսվող համաձայնագրով ՀՀ կմիանա ԵՄ միասնական ավիացիոն գոտուն, ինչի արդյունքում, համաձայնագրի կողմերը փոխադարձաբար կազատականացնեն շուկան՝ ավիաընկերություններին ընձեռելով հնարավորություն առանց սահմանափակումների շահագործել երթուղիները և, հետևաբար, օգտվել ոչ խտրական, հավասար պայմաններում շուրջ 500 միլիոն բնակչություն ունեցող շուկայի սպասարկման լայն հնարավորությունից:

Ինչպես նաև, Հայաստանի Հանրապետությունում կներդրվեն արդյունավետորեն կիրառվող եվրոպական ստանդարտներ, և ավիաընկերություններին հնարավորություն կտրվի շուկայում, կոմերցիոն նկատառումներից ելնելով և առանց պետությունների կողմից սահմանափակող միջամտության, շահագործել երթուղիներն օդի մի շարք ազատությունների իրավունքով»,- ասված է պարզաբանման մեջ: