«Ստեղծարար քաղաքներ և մարզեր» նախաձեռնության հայտերի ընդունում

ԵՄ Արևելյան գործընկերության «Մշակույթ և ստեղծարարություն» ծրագիրը հրավիրում է Արևելյան գործընկերության 6 երկրների / Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա/ մարզային քաղաքներին մասնակցության հայտեր ներկայացնելու մեկնարկային «Ստեղծարար քաղաքներ և մարզեր» նախաձեռնությանը:

Ծրագրի նախապատմությունը

«Ստեղծարար քաղաքներ և մարզեր» նախաձեռնությունը կարևորում է մշակույթը և ստեղծարարությունը մարզային քաղաքներում ու մարզերում: Նախաձեռնությունը խրախուսում է Արևելյան գործընկերության երկրներին օգտագործել տեղի մշակութային և ստեղծարար ներուժը հասարակական և տնտեսական զարգացման գործում: Ծրագրի նպատակն է իրազեկել հիմնական շահառուներին մշակութային և ստեղծարար հատվածներում առկա ներուժի մասին, տեղի մշակութային և ստեղծարար աղբյուրներից տվյալներ հավաքագրել, ինչպես նաև հստակ գործողության պլաններ առաջադրել մշակութային և ստեղծարար արդյունաբերությունների ներուժի զարգացման համար՝ ներառյալ տեղի մշակութային լանդշաֆտի զարգացումը, տեղի բիզնեսների հետ համագործակցելը, զբոսաշրջության ոլորտի որակի բարձրացումը և այլ երկրների նման քաղաքների կամ մարզերի հետ ավելի կայուն կապերի հաստատումը:

Ծրագրի առավելությունները և պահանջները

Ընտրության արդյունքում 6 քաղաքում կամ մարզում, որոնցից յուրաքանչյուրը տեղակայված կլինի Արևելյան գործընկերության երկրներից մեկում, որակավորված փորձագետների կողմից կանցկացվեն ժամանակակից մեթոդաբանության վրա հիմնված քարտեզագրման վարժանքներ: Ծրագրի արդյունքում համապատասխան քաղաքները և մարզերը կունենան՝

  1. իրենց ներկա մշակութային և ստեղծարար ռեսուրսների վերլուծություն,

  2. հատուկ մշակված գործողությունների պլան` մշակութային և ստեղծարար հատվածների հետագա զարգացման համար,

  3. ողջ Արևելյան գործընկերության տարածաշրջանում զանգվածային լրատվամիջոցների լուսաբանում և համապատասխան քաղաքների ու մարզերի լավագույն փորձի ներկայացում,

  4. քաղաքի/մարզերի ներկայացուցիչների և նրանց համայնքների համար նախատեսված կարողությունների զարգացման փաթեթ, ինչպես նաև մասնագիտացված փորձագետների հետ աշխատելու հնարավորություն,

  5. Միջազգային գործընկերների հետ կապեր հաստատելու, ինչպես նաև առցանց և երես առ երես հաղորդակցվելու հնարավորություն թե արևելյան գործընկերության այլ երկրներում, թե ԵՄ երկրներում:

Հայտերը կարող են ներկայացնել Արևելյան գործընկերության երկրների մարզային քաղաքները և մարզերը: Քանի որ երկրների մարզային քաղաքների սահմանումները տարբերվում են` կախված տեղի ավանդույթներից և բնակչության թվից, ծրագրին կարող են մասնակցել այն քաղաքները, որոնք ոչ մայրաքաղաքներ են, ոչ հիմնական արդյունաբերական կենտրոններ: Մասնակից քաղաքների մեծությունը/ 15,000-ից մինչև 250,000 մարդ/ կախված է լինելու երկրի մեծությունից:

Նախաձեռնության հիմնական փուլերը՝
  1. Հայտերի ներկայացում, որի արդյունքում կընտրվեն մշակութային կամ ստեղծարար ներուժ ունեցող 6 մարզային քաղաք կամ մարզ մեկնարկային նախաձեռնությանը մասնակցելու համար:

  2. Մեթոդաբանության մշակում, որի արդյունքում կմշակվի տեղի համատեքստը գնահատելու մեթոդների գործիքակազմ:

  3. 6 մանրամասն հաշվետվություն, որոնք կկազմվեն տեղի հիմնական շահառուների հետ համագործակցության արդյունքում և կընդգրկեն տեղի մշակութային և ստեղծարար ռեսուրսների քարտեզագրումը, ինչպես նաև գործողությունների պլանի առաջադրումը` տարածքի մշակութային և ստեղծարար ներուժի զարգացման համար:

  4. Ստեղծարար քաղաքների կամ մարզերի երկարաժամկետ ցանցի ստեղծում, որը կօգնի կիսվել լավագույն փորձով և իմացությամբ, կզբաղվի մասնագետների փոխանակմամբ և կնախաձեռնի համատեղ նախագծեր թե տարածաշրջանում, թե ԵՄ ստեղծարար քաղաքներում կամ մարզերում:

Ժամանակացույց
  • Ծրագրին մասնակցելու հայտերի ընդունում /2016 թ. նոյեմբեր-2017 թ. հունվար/

  • Քարտեզագրում 6 երկրում /2017 թ. մարտ-հունիս/

  • Արդյունքները և գործողության պլանները ներկայացվելու են 2017 թ. սեպտեմբերին:

Մասնակցության հայտեր ներկայացնելու գործընթացը

Եթե հետաքրքրված եք, որ Ձեր քաղաքը կամ մարզը դառնա նախաձեռնության առաջին մասնակիցը, ուղարկեք մեզ հետաքրքրության նամակ, որը պետք է ստորագրված լինի տեղական իշխանությունների ներկայացուցչի կողմից: Նամակում անհրաժեշտ է.

  1. հստակ հիմնավորել, թե ինչու է տվյալ քաղաքը կամ մարզը ցանկանում մասնակցել նախաձեռնությանը / մեկ էջի սահմանում/:

  2. Համառոտ ամփոփել քաղաքի/մարզի մշակութային և ստեղծարար կազմակերպությունների, տարածքների կամ միջոցառումների Ստատուս քվոն /գործող իրավիճակը/ /2 էջի սահմանում/:

  3. Նկարագրել, թե ինչպիսի ներգրավվածություն են ունենալու տեղի շահառուները գործընթացում /1 էջի սահմանում/: Այստեղ անհրաժեշտ է նաև ընդգրկել հնարավոր կազմակերպությունների, հաստատությունների կամ փորձագետների անձնական տվյալները /:

  4. Դիմորդները կարող են ընդգրկել նաև կայքերի, պատկերների կամ տեսահոլովակների հղումներ` ստեղծարար և մշակութային նախագծերի, նախաձեռնությունների, ինչպես նաև քաղաքային զարգացումների օրինակները ներկայացնելու նպատակով:

Հետաքրքրության նամակը կարող եք շարադրել Ձեր երկրի պաշտոնական լեզվով կամ անգլերեն/ռուսերեն: Նամակում ներառեք այն մարդու տվյալները /հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն/, ում հետ հնարավոր կլինի կապ հաստատել ծրագրի հետագա զարգացման դեպքում:

Ուղարկեք հետաքրքրության նամակը armenia@culturepartnership.eu էլ. հասցեով:

Վերջնաժամկետ

Ծրագրին հայտ ներկայացնելու վերջնաժամկետն է 2017 թ. հունվարի 31-ը:

Ընտրող մասնագիտական խորհուրդը և ընտրության չափորոշիչները

Ընտրությունը կկատարի մասնագիտական խորհուրդը, որի կազմում ընդգրկվելու են նախաձեռնության փորձագետը, ԵՄ Արևելյան գործընկերության «Մշակույթ և ստեղծարարություն» ծրագրի համակարգողը և Մշակույթի նախարարության ներկայացուցիչը: Ընտրության արդյունքները պարզ կդառնան մինչև 2017 թվականի փետրվարի վերջը:

Ընտրությունը կկատարվի հետևյալ չափորոշիչների հիման վրա՝

  • Դիմորդ քաղաքի կամ մարզի` ծրագրին մասնակցելու շահագրգռվածությունը:

  • Հիմնավորում, թե որքանով կարող է մշակույթի և ստեղծարարության վրա հիմնված ծրագիրը նպաստել քաղաքի կամ մարզի հասարակական-տնտեսական զարգացմանը:

  • Հանրային և մասնավոր հատվածներում շահառուների ներգրավվածության մակարդակը:

Հավելյալ տեղեկատվություն

Եթե ունեք «Ստեղծարար քաղաքներ և մարզեր» նախաձեռնությանը վերաբերող հարցեր և ցանկանում եք ստանալ հավելյալ տեղեկատվություն, ապա կարող եք գրել ծրագրի ազգային համակարգող Նորայր Երզնկյանին armenia@culturepartnership.eu էլ. հասցեով:

ԵՄ Արևելյան գործընկերության «Մշակույթ և ստեղծարարություն» ծրագրի մասին հավելյալ տեղեկատվություն կարող եք ստանա այս կայքից www.culturepartnership.eu/en