Սիրիական ճգնաժամը քննարկվել է «Երիտասարդության հարթակ» ծրագրի շրջանակներում

2011 թվականից Սիրիայում ընթացող ճգնաժամը, հակամարտության մեջ ներգրավված հիմնական ուժերի դերակատարությունը, ինչպես նաև Սիրիայում տարբեր ճամբարների շահերի հատումը դեկտեմբերի 9-ին քննարկվել են «Երիտասարդության հարթակ» ծրագրի շրջանակներում:

Դասախոսությամբ հանդես է եկել արաբագետ, «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի փորձագետ Արփինե Հովսեփյանը: Բանախոսը պատասխանել է մասնակիցների հարցերին, խոսել սիրիական հակամարտության տրանսֆորմացիայի և խորացման հիմնական պատճառների, ինչպես նաև այս պահին երկրում տիրող իրավիճակի մասին: Անդրադարձ է կատարվել նաև Սիրիայում հայ համայնքի խնդիրներին և այս ուղղությամբ ՀՀ կողմից իրականացվող քայլերին:

Նշենք, որ ծրագիրն իրականացվում է «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ ռեսուրսներով:

«Երիտասարդության հարթակ» ծրագիրը թրեյնինգ-քննարկումների շարք է երիտասարդ մասնագետների (քաղաքագետների, միջազգայնագետների, տնտեսագետների, լրագրողների) համար: Սա յուրահատուկ հարթակ է, որտեղ երիտասարդները ոլորտային մասնագետների հետ միասին քննարկում են ՀՀ արտաքին քաղաքականությանն առնչվող արդի և կարևոր խնդիրները, գիտելիքներ ստանում հարևան երկրների, ՀՀ արտաքին քաղաքականության գերակայություն հանդիսացող հարցերի, միջազգային գործընթացների մասին: Այս ամենը զուգակցվում է անհատական և թիմային աշխատանքով, սեփական կարծիքի արտահայտմամբ ու  հին խնդիրներին նոր լուծումներ առաջարկելով: