Հարցում. արցախցիների 51%-ը կարծում է, որ Հայաստանը պետք է անհապաղ ճանաչի ԼՂՀ անկախությունը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովում «Այ Փի Էս Սի» ընկերությունը ներկայացրել է ԼՂՀ-ում 2015 և 2016 թթ. անցկացված հանրային կարծիքի հարցումների համեմատական արդյունքները:

Հետազոտությունը ներկայացնում է ԼՂՀ բնակչության մոտեցումն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ, ինչպես նաև հանրային տրամադրությունը՝ սոցիալական բարեկեցության, արտագաղթի և կենսական կարևորություն ունեցող մի շարք այլ հարցերի վերաբերյալ, փոխանցում է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մամուլի ծառայությունը:

Խորհրդարանում կազմակերպված շնորհանդեսին մասնակցել են ԼՂՀ ԱԺ մշտական հանձնաժողովների և խմբակցությունների ներկայացուցիչներ, հասարակական մի շարք կազմակերպությունների ղեկավարներ:

Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը կարևորել է հասարակական կարծիքի հավաքագրումն ու այն հասանելի դարձնելը:

Այնուհետև  IPSC ընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Գրիգորյանն ու ընկերության վերլուծաբան Լիլիթ Նահապետյանը ներկայացրել են  հետազոտության արդյունքները և պատասխանել մասնակիցների հարցերին:

Ըստ հարցման արդյունքների՝ հարցվողների 50%-ից ավելին նշում է, որ երկրի համար ամենաառաջնայինն անվտանգության խնդիրն է: Ընդ որում, 2016թ. հուլիս ամսին, պատասխանելով այն հարցին, թե որն է վերջին երեք ամիսների ընթացքում երկրում տեղի ունեցած ամենահիշվող իրադարձությունը, հարցման մասնակիցների 81%-ը նշել էապրիլյան պատերազմը: Պատասխանելով այն հարցին, թե արդյոք հնարավորության դեպքում ընդմիշտ կմեկնեին Արցախից, հարցվողների 79%-ից ավելին  պատասխանել է, որ չի հեռանա երկրից (2015թ․ այդ թիվը կազմել է 81%):

Ինչպես եզրակացնում են «Այ Փի Էս Սի» ընկերության մասնագետները, ապրիլյան պատերազմը և դրա հետևանքները, չնայած հանգեցրել են մի շարք հարցերի շուրջ ԼՂՀ բնակչության դիրքորոշումների որոշակի փոփոխության, այնուամենայնիվ, պատերազմից հետո արտագաղթի միտումը մնացել է գրեթե անփոփոխ:

Հետազոտությունը տեղեկատվություն է տրամադրում նաև այն մասին, թե Արցախի բնակիչները որքանով են իրազեկված ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի մասին և ինչ կարծիք ունեն: Ըստ այդմ, թեև 38%-ը նշում է, որ մասամբ կամ ընդհանրապես իրազեկված չէ բանակցային գործընթացի մասին, միաժամանակ հարցվողների 96%-ից ավելին չափազանց կարևորում է ԼՂՀ մասնակցությունը բանակցություններին:

Հետաքրքրական են նաև հարցվողների դիրքորոշումները ԼՂՀ ապագա կարգավիճակի շուրջ՝ հաշվի առնելով, որ բնակիչները հակված են Արցախը տեսնել անկախ հանրապետության կարգավիճակում: Այսպես, 2016թ. տվյալներով, հարցվողների 51%-ը կարծում է, որ Հայաստանը պետք է անհապաղ ճանաչի ԼՂՀ անկախությունը՝ անկախ հանգամանքներից: Եթե 2015թ. հարցման մասնակիցների մոտավորապես 35%-ն էր կարծում, որ ԼՂՀ-ն պետք է լինի անկախ, ապա 2016թ.-ին նման կարծիք արտահայտողների թիվն ավելացել է 14 տոկոսային կետով և կազմում է մոտ 49%:

2016թ․ հուլիսին անցկացված հարցման մասնակիցներն իրենց տեսակետներն են արտահայտել նաև Արցախի Հանրապետության կառավարման ձևի վերաբերյալ։ Հարցվողների 38%-ը դրական է վերաբերվում նախատեսվող սահմանադրական բարեփոխումներին, իսկ 80%-ից ավելին՝ երկրի կառավարման մոդելներից նախապատվությունը տալիս է նախագահական կառավարմանը։ Հարցման մասնակիցների 77%-ը հուլիս ամսին պատրաստակամություն է հայտնել մասնակցել սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին։

Հետազոտության արդյունքներին առավել մանրամասն կարելի է ծանոթանալ «Այ Փի Էս Սի» ընկերության www.ipsc.am կայքում։

20.12.2016