2016 թվականը ՀՀ-ԵՄ հարաբերությունների համար հետևողական աշխատանքի և որոշակի առաջընթացի տարի էր

2016 թվականը ՀՀ-ԵՄ հարաբերությունների տեսակետից եղել է հետևողական աշխատանքի և որոշակի առաջընթացի տարի: Այս մասին այսօր «Նովոստի-Արմենիա» մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նշել է «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի փորձագետ Աննա Կարապետյանը:

«2016-ին անցկացվել են քաղաքական բանակցություններ 6 փուլով, որոնց շրջանակում ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագիրը քաղաքական բաղադրիչով արդեն համաձայնեցված է: Ընդհանուր առմամբ, այդ բաղադրիչը կրկնելու է Ասոցացման համաձայնագրի քաղաքական բաղադրիչին, ուստի կարող ենք ասել, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունները էական փոփոխություններ չեն կրելու, և ԵԱՏՄ-ին անդամակցությունը ՀՀ-ԵՄ հարաբերությունների քաղաքական կողմի վրա էական որևէ ազդեցություն չի ունենալու», – նշել է Աննա Կարապետյանը:

Ինչ վերաբերում է տնտեսական հարաբերություններին, ապա փորձագետն արձանագրեց, որ նոր համաձայնագրի տնտեսական բաղադրիչի շուրջ բանակցությունները շարունակվում են, դեռևս չհամաձայնեցված որոշ դրույթներ կան: «Անցկացվել են 5 փուլով բանակցություններ: Նախատեսվում է, որ դրանք կավարտվեն 2017 թվականի գարնանը, և գարնանը հնարավոր կլինի ստորագրել ՀՀ-ԵՄ նոր համաձայնագիր», – նշեց փորձագետը:

Միևնույն ժամանակ, այժմ խորհրդակցություններ են անցկացվում, որպեսզի մեկնարկեն վիզաների ազատականացման համաձայնագրի շուրջ բանակցությունները, Եվրահանձնաժողովը դեկտեմբերին մանդատ տրամադրեց, որպեսզի մեկնարկեն ՀՀ-ԵՄ բանակցությունները ԵՄ ավիացիոն տարածքին միանալու շուրջ, ինչը հնարավորություն կստեղծի եվրոպական ընկերությունների համար ոչ միայն ավիափոխադրումներ իրականացնել Հայաստանից իրենց երկիր, այլ նաև երրորդ երկրներ, հավելեց Աննա Կարապետյանը:

«Ամփոփելով տարին՝ կարող ենք ասել, որ եթե գարնանը այս բանակցությունները հանգեն իրենց վերջակետին, ինչն այսօր առավել քան հավանական է թվում, ստորագրվի նոր պայմանագիրը, վավերացվի և սկսվի արդյունավետ կերպով իրականացնել, ապա մենք կկարողանանք ասել, որ Հայաստանի կողմից մշտապես հայտարարվող «և-և»-ի քաղաքականությունը հասել է իր արդյունքին», – նշեց փորձագետը: