Լիանա Հովհաննիսյան. ՀՀ-ԱՄՆ հարաբերություններում նոր նախաձեռնությունների կարիք է զգացվում

Հայ-ամերիկյան հարաբերություններում Հայաստանը պետք է լինի ավելի նախաձեռնող և ԱՄՆ հետ հարաբերությունները շարունակի զարգացնել «փոխաշահավետ համագործակցություն» բանաձևի ներքո: Այս մասին դեկտեմբերի 22-ին «Նովոստի-Արմենիա» մամուլի ակումբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նշել է «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի փորձագետ Լիանա Հովհաննիսյանը:

«ՀՀ-ԱՄՆ հարաբերություններում Հայաստանը պետք է լինի ավելի նախաձեռնող: Թերևս անհրաժեշտ է համագործակցությունն ակտիվացնել ոչ միայն առկա ձևաչափերում, ինչպես օրինակ բարեկամական խորհրդարանական խմբերի շրջանակներում իրականացվող աշխատանքները, այլ նաև ստեղծել համագործակցության նոր ձևաչափեր, ինչպիսին կարող է լինել կուսակցությունների միջև  համագործակցությունը և երկխոսության նոր հարթակի ստեղծումը»,- նշել է փորձագետը:

Ըստ նրա՝ 2016 թվականին Հայաստանի կողմից հետաքրքիր և կարևոր նախաձեռնություն էր  «Հայաստան» ներդրումային համաժողովի անցկացումը Նյու Յորքում, որը թույլ տվեց օտարերկյա և ամերիկյան ներդրողներին ծանոթացնել Հայաստանում առկա ներդրումային հնարավորություններին:

«Կարծում եմ, որ նման նախաձեռնությունները պետք է պարբերական բնույթ կրեն, քանի որ դրանք կարող են խթանել ամերիկյան և միջազգային գործարարների կողմից մեր երկրում իրականացվող ներդրումների թվի աճը: Բացի այդ, նման նախաձեռնությունները համապատասխանում են փոխշահավետ համագործակցության բանաձևին. այս դեպքում մենք գործ չունենք ուղղակի օժանդակության ծրագրերի հետ և նման նախաձեռնություններից կարող են օգուտ քաղել նաև ամերիկյան ներդրողները»,- նշել է Լ.Հովհաննիսյանը:

«Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության կայք էջում այսուհետ կարող եք կարդալ «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ի ներքո գործող «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի փորձագետների վերլուծությունները և  մեկնաբանություններն արդի քաղաքական զարգացումների շուրջ: